Անդրադառնալով առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրման վերաբերյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, և այդ պարտավորությունը արձանագրված է ՄԱԿ-ի և Եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը, և նա դա արձանագրել է, որ լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել։
Դեռևս 2015 թվականին միջազգային մեր գործընկերները մեզ ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի։ Եվ մենք հիմա աշխատում ենք դրա ուղղությամբ։
Ես հիմա տեսնում եմ, որ պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակեն։ Որոնք են այդ պետական կառույցները և այդ մարդիկ։ Նրանք, ովքեր հազարապետերի, հարյուրապետերի մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում և հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Պետք է մեկ-երկու ասենք, եթե տեսնենք հետևություններ չեն անում, պետք է ասենք ցտեսություն, գնացեք ձեր գործին։
Իմ կարծիքն այն է, որ պետք է ներդնենք այդ մեխանիզմը։ Այսօր մեր հանրությունն այդ հարցով մեզնից դժգոհ է, որ մենք կոռուպցիայի, գողացածը վերադարձնելու գործում այքան էլ մեծ ծավալներով չենք գործում և արդյունավետությամբ չենք գործում, որովհետև մենք սովորական ընթացակարգերով որ գնանք, կարող է տասնյակ տարիներ տևի։
Դա չի վերաբերվում միայն նախորդ իշխանությանը։ Ես պետք է ապացուցեմ, որ այս գույքը, եթե ձեռք եմ բերել, օրինական է»։
Անդրադառնալով քննադատությանը, որ դա ներդրումների համար կարող է խոչընդոտ լինել՝ նա ասաց․
«Այդ քննադատները ներդրումներով չեն է մտահոգված, այդ քննադատները մտածում են՝ բա այս դաչաս ինչ է լինելու, բա այն Հյուսիսային պողոտայի երեք հարկը իրար վրա որ ունեմ, ինչ է լինելու։ Ի՞նչ է լինելու։ Բռնագանձվելու է, ինչ է լինելու»։
comment.count (0)