Շուրջ 8 ժամ տևած ընտրությունների արդյունքում, այդպես էլ Շիրակի մայր բուհի ռեկտոր չընտրվեց: Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի ռեկտորի ընտրություն: Ռեկտորի աթոռի համար պայքարում էր երկու թեկնածու` Անդրանիկ Սարգսյանը եւ Լուսինե Ֆլջյանը:
Անդրանիկ Սարգսյանը Մաթեմատիկայի« ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է« տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, իսկ Լուսինե Ֆլջյանը՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթին թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը, այնուհետև պատասխանեցին խորհրդի անդամների հարցերին: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ գաղտնի քվերակություն: Շիրակի մայր բուհի ռեկտոր կընտրվեր այն թեկնածուն, ով փակ և գաղտնի քվեարկությամբ կստանար խորհրդի 24 անդամների ձայների կեսից ավելին, սակայն թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները: Անդրանիկ Սարգսյանի օգտին գրանցվեց 8, իսկ Լուսինե Ֆլջյանի օգտին՝ 6 ձայն, 9 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
Սկզբում ռեկտորի ընտրության համար ներկայացվել էր չորս հայտ: Թեկնածուներից մեկը սակայն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտարարել, իսկ երկրորդ թեկնածուի` Մանուշակ Կարապետյանի մասնակցությունը բուհի հոգաբարձուների խորհրդը չընդունեց՝ հաշվի առնելով այն, որ թեկնածուն չուներ փորձ` հանրային կառավարման եւ բարձրագույն կրթության ոլորտում:
comment.count (0)