Մեծ Այրումից Ճոճկան գնացող ճանապարհին հանդիպեցինք երեխաների: 12-ամյա Դավիթը սովորում է Մեծ Այրումի դպրոցի 6-րդ դասարանում: Նրա խոսքով՝ հատկապես ամռանը «Նահատակ» պոչամբարի հոտը գյուղում շատ է տարածվում:
«Մեկ էլ, որ գնում եմ պոչամբարի մոտի մեր գյուղի աղբյուրից ջուր բերելու, էդ ժամանակ գլուխս սկսում է ցավել և սրտխառնոց եմ ունենում»,-ասում է նա: Դավիթի դասընկեր Ալեքսանդր Դանիելյանի խոսքով պոչամբարի մոտ մի քիչ կանգնելուց հետո գլուխը պտտվում է: Մյուս ընկերը՝ Դանիելն ասաց ընդհանրապես խուսափում է պոչամբարի մոտ գնալ, բայց մեկ է՝ Դանիելի խոսքով՝ Մեծ Այրումի մթնոլորտում պոչանքային հոտերը անպակաս են»:
Հաճախ պոչամբարը թեթևացնելու համար պոչանքային հոսքերը ուղղվում են նաև դեպի Դեբեդ: Երկու աշխատողներ պոչամբարի պատնեշները պարբերաբար բարձրացնում են, սակայն պոչամբարի հոսելու վտանգները օրեցօր մեծանում են:
«Երկու թունելներով 16 կմ, 2 մագիստրալով պոչանքը գալիս է պոչամբար, մեկ մագիստրալի երկարությունը 8 կմ է: Պոչամբարում երկու մարդ է աշխատում՝ նրանք կարգավորողներ են»,- ասաց պոչամբարի պատասխանատու Վոլոդյա Սոխակյանը:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Սամվել Խաչատրյանի խոսքով՝ դեպի «Նահատակ» պոչամբար պոչանքները նվազեցնելու համար 8 ամիս առաջ ֆաբրիկայում տեխնոլոգիական փոփոխություններ են կատարվել: Կոմբինատը նախկինում աշխատել է չորս աղացով, հիմա աշխատում է երեքով: Դեպի պոչամբար գնացող ֆաբրիկայի թունավոր նյութերը նվազել են:
comment.count (0)