«Ռոստելեկոմ»-ի հավանական գնորդը կապ ունի «Յուքոմ»-ի բաժնետերերի հետ |civilnet.am|
14:13 - 29 նոյեմբերի, 2021

«Ռոստելեկոմ»-ի հավանական գնորդը կապ ունի «Յուքոմ»-ի բաժնետերերի հետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցության օպերատորի հավանական գնորդ անձը՝ Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը, որոշ փաստաթղթերում առնչվում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերություններից մեկի հետ։ 

Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ» ընկերությունը դիմում է հասցեագրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն ձեռք բերելու նպատակով։ Ինչպես հաստատել էին ՀԾԿՀ-ից, «Մոլիտրո հոլդինգս լիմիթեդ»-ի 60 տոկոսը պատկանում է ֆիզիկական անձ, Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանին, իսկ 40 տոկոսը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերին, որի բաժնետերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Վերջինս իր հետ փոխկապակցված ռուսական «Ֆորա բանկ»-ի միջոցով 11 տոկոս բաժնետոմս ունի հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի  բաժնետիրական կապիտալում։ «Յուքոմ»-ի մեծամասնական բաժնետերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմ Խաչատրյանը՝ 29 տոկոս, Գուրգեն Խաչատրյանը՝ 29 տոկոս և Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը՝ 24 տոկոս։ 

«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման դեպքում կստացվի, որ Սամվել Կարապետյանը հեռահաղորդակցության երկու ընկերություններում էլ փայատեր է։ Որոշ փաստաթղթեր թույլ են տալիս պնդել, որ բացի Կարապետյանից «Ռոստելեկոմ»-ի գործարքում անուղղակի մասնակցություն ունեն նաև Խաչատրյանները։ 

«Գալաքսի գրուպ»-ը հերքում է Խաչատրյանների ներգրավվածությունը «Ռոստելեկոմ»-ի գնման հարցում

«Գալաքսի գրուպ»-ը  հիմնադրվել է Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանների կողմից։ Այն ներառում է ավելի քան 15 խոշոր ընկերություններ՝ սկսած սրճարանային բիզնեսից մինչև հեռահաղորդակցության ոլորտ։ Ընկերությունների խմբում են ներառված «Յուքոմ»-ը, տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող «Այյունեթվորքս» ընկերությունը, ժամացույցի «Թայմ», «Խրոնոգրաֆ» խանութները, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը, պարենային մթերքի ներմուծմամբ զբաղվող «Մեգա ֆուդ»-ը, «Սանտաֆե» և «Պահեստ 33» սրճարանն ու ռեստորանը, «Ռումշին» կառուցապատող ընկերությունը։ «Գալաքսի գրուպ»-ի նախագծերից են նաև Երևանի կենտրոնում՝ Տերյան 5  հասցեում հյուրանոցի ու պրեմիում դասի բնակարանների կառուցապատումը, որ ներկայում ընթացքի մեջ է, ֆրանսիական «Փոլ» սրճարանի հիմնումը Հայաստանում, ինովացիայի և տեխնոլոգիական պարկի կառուցումը։ 

ՍիվիլՆեթը դիմել էր «Գալաքսի»-ին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք «Գալաքսի գրուպ»-ի հետ փոխկապակցվածություն ունեցող անձինք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունե՞ն «Ռոստելեկոմ»-ի գործարքի հետ։ Ընկերությունից պատասխանել են՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, դրա բաժնետեր և կառավարող մարմինների ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի ուղղակի կամ անուղղակի գնորդ։ 

Հարցին, թե արդյոք «Ջիէնսի-Ալֆա»-ի հնարավոր գնորդ Արման Ունանյանը հանդիսանո՞ւմ է «Գալաքսի»-ի, դրա բաժնետերերի, կառավարող մարմինների ղեկավարների հետ փոխկապակցված անձ, ընկերությունից պատասխանել են. «Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում նշել, որ ըստ «Գալաքսի» խմբի կառավարման խորհրդի քարտուղարության տեղեկատվության՝ ՌԴ գործարար Արման Ունանյանը, ի թիվս Հայաստանում ներդրումներով հետաքրքրված բազմաթիվ այլ ձեռներեցների, ծանոթություն ունի «Գալաքսի» խմբի հիմնադիրների հետ»։ Հաջորդ նախադասությամբ սակայն ընկերությունից վստահեցրել են՝ Ունանյանը Խաչատրյանների հետ փոխկապակցված անձ չի հանդիսանում, համատեղ գործունեություն ու աշխատանքային հարաբերություններ առկա չեն։ 

«Ո՛չ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ո՛չ էլ նրա հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ներառյալ «Յուքոմ» ՓԲԸ-ն, չեն հանդիսանում «Ջիէնսի-Ալֆա»-ի բաժնետոմսերի գնման հավակնորդ։ Բնականաբար, «Գալաքսի» ընկերությունների խումբը, ի դեմս իր կազմում հանդես եկող «Յուքոմ»-ի, մշտապես հետաքրքրությամբ հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին, կարևորում է ոլորտային կոնսոլիդացիաներն ու իր զարգացման ծրագրերի շրջանակում մշտապես դիտարկում ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ոլորտում գործող այլ ընկերություններ ձեռք բերելու նպատակով»,- Սիվիլնեթին պատասխանել են «Գալաքսի»-ից։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել