tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչող որոշման ստորագրումը: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Միացյալ Նահանգների նման պահվածքն ապացուցում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ոչ թե Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հանգուցալուծման մաս կազմել, այլ բուն խնդրի: Ըստ թուրքական կողմի՝ Թրամփի կայացրած որոշումն «առ ոչինչ» է» և չի կարող ընդունվել թե՛ Թուրքիայի, թե՛ միջազգային հանրության կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահի նման որոշումն անվանել էր «Իսրայելի օկուպացիան օրինականացնելու փորձ» և շեշտել, որ իրենք երբևէ չեն կարող նման բան թույլ տալ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչող հռչակագիրը:
«Սա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու ժամանակը, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:
Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետը ժամանել է ԱՄՆ:
comment.count (0)