Քաղաքացիների 34 %-ը համարում է, որ ՀՀ-ն ընթանում է ճիշտ, 46 %-ը՝ սխալ ուղով․ ՄՀԻ հարցում
16:18 - 03 փետրվարի, 2022

Քաղաքացիների 34 %-ը համարում է, որ ՀՀ-ն ընթանում է ճիշտ, 46 %-ը՝ սխալ ուղով․ ՄՀԻ հարցում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 34 %-ը երկրի առջեւ ներկայումս ծառացած ամենակարեւոր խնդիրը համարում է տարածքային, սահմանային հարցը, 17 %-ը՝ ազգային անվտանգությունը, եւս 17 %-ը տնտեսական խնդիրը, գործազրկությունը։

Այս մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հարցումից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թվականիի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում պատահականության սկզբունքով արված հեռախոսազանգերի միջոցով։  Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։

Հայաստանի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրների մեջ քաղաքացիները մատնանշել են նաեւ Կառավարության վատ աշխատանքը, քաղաքական անկայությունը, զինված ուժերի թուլությունը, գերիների վերադարձը, հասարակության մեջ միասնականության եւ համերաշխության պակասը եւ այլն։ Դրանց վերաբերյալ տոկոսային տվյալները՝ ստորեւ ցուցադրված գրաֆիկում․

Հարցվածների 11%-ը ամբողջովին գոհ է, իսկ 26 %-ը ընդհանրապես գոհ չէ երկրում ժողովրդավարության զարգացման ձեւից։ 40 %-ը գոհ է մասամբ, 21 %-ը մասամբ գոհ չէ, իսկ 2 %-ը նշել է, որ չգիտի կամ չի պատասխանել հարցին։

Հարցածների 61 %-ը համարել է, որ ՀՀ-ն կառավարվում է ի շահ որոշ խմբերի, իսկ  31 %-ը՝ ի շահ հասարակության մեծամասնության։ 8 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։

Հարցին՝ ընդհանուր առմամբ, Հայաստանը ընթանում է ճի՞շտ ուղով թե՞ սխալ, 34 %-ը պատասխանել է՝ ճիշտ ուղով, 46 %-ը՝ սխալ, իսկ 21 %-ը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել:

Քաղաքացիների 39 %-ը կարծում է, որ մարդիկ ՀՀ-ում  միանշանակ կարող են ազդել որոշումների կայացման վրա, իսկ 17 %-ը կարծում է, որ միանշանակ չեն կարող։ 27 %-ը համարում է, որ հավանաբար կարող են, 16 %-ը՝ հավանաբար չեն կարող։ Եւս 2 %-ը  չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։

Հարցվածների 48 %-ը նաեւ համարում է, որ մարդիկ Հայաստանում միանշանակ չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը, իսկ 9 %-ը համարում է, որ միանշանակ վախենում են։ 18 %-ը կարծում է, որ երբեմն չեն վախենում, իսկ 9 %-ը ՝վախենում են երբեմն։ Եվս 3 %-ը չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել