Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. մինչ այդ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը
08:46 - 23 մարտի, 2019

Տեղի է ունեցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը. մինչ այդ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն և քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ուղևորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել