Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման
11:36 - 26 հունիսի, 2025

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։

Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։

Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել