hetq.am: Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ Սիմա Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին:
Սիմա Իսկանդարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նշված պաշտոնում նշանակվել է 2019թ.-ին: Մինչ այդ, դատավոր էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Դատավոր Սիմա Իսկանդարյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ դեպքի վերաբերյալ, սակայն, վերջինիս աշխատակազմից փոխանցեցին, որ դատավորը պարզաբանումներ չի ներկայացնում:
Գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից փոխանցեցին, որ 2021թ. սեպտեմբերի 8-ին Սիմա Իսկանդարյանը, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանը, չի ենթարկվել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին: Ս. Իսկանդարյանը պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․3 հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից (20.000 դրամ) մինչև հիսնապատիկի (50,000 դրամ) չափով:
Հենց այս պահանջով էլ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել Սիմա Իսկանդարյանի դեմ:
Նշված հոդվածով միայն Վարչական դատարանն է իրավասու որոշել տուգանքի չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի միջակայքում։
Հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:
comment.count (0)