ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը |armenpress.am|
06:17 - 15 մայիսի, 2019

ՀՀ և ՉԺՀ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին հատում է կես միլիարդ դոլարի սահմանը |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանըն՝ անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Չինաստան այցի օրակարգին, երկկողմ կապերի այլ ասպեկտներին:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները 27 տարվա պատմություն ունեն։ Ինչպիսի՞ մակարդակի վրա են դրանք այժմ գտնվում, և ի՞նչ հեռանկարներ կան դրանց զարգացման համար։

Իրավացի եք, միջպետական հարաբերությունները Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են Հայաստանի անկախությունից հետո՝ 1991թ.-ից ի վեր , սակայն ինչպես գիտեք հայ-չինական առնչությունները շատ ավելի երկար պատմություն ունեն: Չնայած մեր պատմության այս իրադարձությունները դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, կան աղբյուրներ, փաստեր և գիտական աշխատություններ Մետաքսի Մեծ ճանապարհի ժամանակաշրջանում տեղի ունեցած առևտրական և մշակութային կապերի և փոխանակումների վերաբերյալ:

1992թ. ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հարաճուն զարգացում են ստացել, գնալով ընդլայնվել և խորացել՝ ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառները: Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ՉԺՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում: Հայ-չինական հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխվստահության, իրավահավասարության և փոխադարձ շահեկանության վրա, դրանց բնորոշ է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակներով և ձևաչափերով հանդիպումների և փոխայցելությունների բարձր դինամիկան: Վերջին շրջանում, ընթացիկ տարվա ապրիլին կայացել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Չեն Յուեյուեի այցը Հայաստան, հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ՉԺՀ արտաքին գերատեսչությունների միջև, ծրագրվում է հայ-չինական համատեղ առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ից 16-ը լինելու է Պեկինում։ Ինչպիսի՞ն է վարչապետի այցի օրակարգը, ինչ հանդիպումներ են սպասվում այցի ընթացքում և երկու երկրների միջև համագործակցության հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվելու։

-Վարչապետի ՉԺՀ այցի ծրագրում են մասնակցությունը «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովին», հանդիպում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, հանդիպում և աշխատանքային ճաշ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ, մի շարք այլ միջոցառումներ: Oրակարգն, իհարկե, բավական ընդգրկուն է: Ինչպես նշեց ՀՀ վարչապետը այցի նախօրեին՝ հանդիպումները լավ հնարավորություն են նոր խթան հաղորդելու հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանը և նախանշելու դրանց երկարաժամկետ զարգացման հեռանկարները: Բնականաբար, կքննարկվեն նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր, որոնք կազմում են երկկողմ համագործակցության օրակարգը:

Ինչո՞վ կարող է նշանակալի լինել Հայաստանի համար «Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովը», ինչպիսի՞ գործնական արդյունքներ են ակնկալվում համաժողովից։

-Ասիական քաղաքակրթության երկխոսության խորհրդաժողովի նախաձեռնության մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է 2015թ.-ին: Այն նպատակն ունի շփումների և փոխանակումների հարթակ տրամադրել երիտասարդության, տեղական համայնքների և մամուլի ներկայացուցիչների համար, ինչպես նաև ստեղծել համագործակցության ցանց գիտահետազոտական հաստատությունների միջև՝ դրանով հարստացնելով մշակութային կյանքը և խթանելով տարածաշրջանային համագործակցությունն ու զարգացումը:

Խորհրդաժողովի թեմատիկան կազմում են փոխանակումներն ու փոխճանաչողությունը Ասիական քաղաքակրթությունների միջև, ինչպես նաև համատեղ ապագայի համայնք հասկացողությունը: Ի դեպ, սա առաջին նման խորհրդաժողովն է և Հայաստանի մասնակցությունը նաև խորհրդանշական տարր է պարունակում: Բացի խորհրդաժողովի բացման արարողությունից, որին ելույթ կունենա ՀՀ վարչապետը, կանցկացվեն առանձին թեմաների նվիրված զուգահեռ նիստեր, մշակութային փառատոն, Ասիական քաղաքակրթության շաբաթ և այլ միջոցառումներ:

Ավելին՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել