ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների զարգացման հարցում:
Քննարկվել են խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կողմերն ընդգծել են ԱԺ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտությունը:
Խոսելով երկու երկրների փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ համագործակցության զարգացման զգալի ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում:
Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքում ՀՀ-Նիդերլանդներ համագործակցությանը:
Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին` 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար: Հանձնաժողովի նախագահը կարևորագույն խնդիր է համարել հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք:
Նիկո Սխերմերսը ևս կարևորել է հայ-նիդերլանդական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը: Ընդգծվել է խորհրդարանական հարթակում մի շարք ծրագրերի իրականացումը՝ ուղղված խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի լիարժեք օգտագործմանը:
comment.count (0)