Նիդերլանդներ

Ամստերդամում ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել |azatutyun.am|

Ամստերդամում ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել |azatutyun.am|

azatutyun.am: Ամստերդամում կիրակի օրը քաղաքի կենտրոնական Դամ հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել։ Չնայած արգելքին, որը սահմանվել էր իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներից հետո՝ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ վանկարկելով` «Ազատությո'ւն Պաղեստինին», «Ամստերդամն ասում է ո'չ ցեղասպանությանը»։ Ակցիան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների դեմ էր, որտեղ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր խոշոր գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս» խմբավորման դեմ։ Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները։ Նախորդ շաբաթ Նիդերլանդների դատարանն արգելեց փողոցային ցույցերը, երբ Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» (Թել Ավիվ) ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման ենթարկվեցին տեղի «Այաքսի» հետ խաղից հետո։ Որոշ հարձակվողներ կրում էին պաղեստինյան դրոշներ, արաբերեն և թուրքերեն վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 60 մարդ էր ձերբակալվել, ավելի քան 5 տուժած տեղափոխվել հիվանդանոց։ Տեղի ունեցածը Նիդերլանդները, ինչպես նաև միջազգային առաջնորդներն, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակասեմական գործողություն էին որակել: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինամետ խմբեր փորձում են վնասել իսրայելցիներին Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և մի շարք այլ երկրներում։ Ավելի վաղ Իսրայելը հատուկ չվերթներ էր կազմակերպել Ամստերդամից իր քաղաքացիներին տարհանելու համար, ինչի արդյունքում մոտ երկու հազար մարդ տեղափոխվել է հայրենիք։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը նոյեմբերի 14-ին կմասնակցի Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք ֆրանսիական և իսրայելական հավաքականների խաղին՝ «եղբայրության և համերաշխության ուղերձ» հղելու նպատակով։
10:59 - 11 նոյեմբերի, 2024
Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին

Վահե Հովհաննիսյանը և Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ, բարձր է գնահատել համագործակցության արդի մակարդակը ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբերի շրջանակներում, որոնք առաջնորդում է նիդերլանդական կողմը:  Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաև Նիդերլանդների կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:   Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին, ինչպես նաև հանրային ֆինանսների բնագավառում իրականացվող բարեփոխումներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  շարունակել համատեղ ջանքերը ներդնել երկկողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու ակտիվացման ուղղությամբ:
15:45 - 25 սեպտեմբերի, 2024
ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Սեպտերբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:   Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ՆԹ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդերլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
15:40 - 16 սեպտեմբերի, 2024
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարարությունը հինգշաբթի կանչել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերանդների դեսպաններին՝ կապված հակաիրանական նոր պատժամիջոցների հետ: Բացի այդ, ըստ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի, «մի շարք եվրոպական երկրներ շարունակվող ապակառուցողական հայտարարություններ են անում ուկրաինական հակամարտությանը Թեհրանի միջամտության վերաբերյալ»,- հայտնում է Mehr-ը։ Արտաքին գործերի նախարարությունը դեսպաններին ասել է, որ Թեհրանը «համարժեք պատասխան կտա Իրանի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի թշնամական մոտեցմանը»։ Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան երկրներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան և վերջ»,- գրել է Արաղչին սոցցանցում։ Սեպտեմբերի 10-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են ավիահաղորդակցության ոլորտում Իրանի հետ երկկողմ համաձայնագրերի մոտալուտ չեղարկման և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի մասին՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար: Մասնավորապես, Լոնդոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ «Իրանի կառավարության թշնամական գործունեությանը մասնակցելու» պատճառաբանությամբ: Բացի այդ, այդ երկրների իշխանությունները հայտարարել են պատժամիջոցների ցանկերն ընդլայնելու մտադրության մասին՝ դրանցում ներառելով իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված կարևոր կազմակերպությունների և անհատների:
20:45 - 12 սեպտեմբերի, 2024
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում  |hetq.am|

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2025 թվականի հունիսին Նիդերլանդների Հաագա քաղաքում, որտեղ գտնվում են այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը: Այդ մասին ասված էՎաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։  2026 թվականին գագաթնաժողովը հյուրընկալելու հերթը Թուրքիայինն է։ «Մենք հույս ունենք կրկին հանդիպել մեր հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2025 թվականի հունիսին Հաագայում՝ Նիդերլանդներում, իսկ այնուհետ՝ Թուրքիայում»,- ասվում է փաստաթղթում, որը Վաշինգտոնում հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից: Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
17:09 - 11 հուլիսի, 2024
Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային և ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: «Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և հույս հայտնում այդ հարցում տեսնել ձեզ մեր կողքին»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը և և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին:
17:00 - 09 հուլիսի, 2024
Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
15:11 - 09 հուլիսի, 2024
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին շնորհավորել է Ազգային տոնի՝ երկրի թագավորի ծննդյան կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկերոջը՝ Հանկե Բրուինս Սլոթին, Նիդեռլանդների Թագավորություն Թագավորի օրվա կապակցությամբ։ Հետևելով մեր նախորդ քննարկումներին՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը համատեղ՝ Հայաստան-Նիդեռլանդներ և Հայաստան-Եվորպական միություն նախաձեռնություններով»,-նշված է նախարարի գրառման մեջ։ X-ի մեկ այլ գրառմամբ Նիդեռլանդների Թագավորությանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Նիդեռլանդների կառավարությանն ու ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա առթիվ։ Հայաստանը գնահատում է ամուր քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը Նիդեռլանդների Թագավորության հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հավատարիմ է ավելի խորացնելու հարաբերությունները նաև Եվրոպական միության միջոցով»,-նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։  
15:45 - 27 ապրիլի, 2024
Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար |armenpress.am|

Հայաստանը Նիդեռլանդներում կունենա կապի սպա՝ Եվրոպոլի հետ փոխգործակցությունն ապահովելու համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախարարի տեղակալի խոսքով՝համաձայնագիրը միտված է անդրազդային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում: «Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես Եվրոպայի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում կլինի ապահովելու ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցությունը։ Մեր կապի սպան, որը կներկայացնի ամբողջ իրավապահ համակարգը, կունենա Նիդեռլանդներում համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները։ Համանման ենթակառուցվածք կունենանք նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովելու փոխգործակցությունը Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև։ Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի և Հայաստանի միջև»,-եզրափակեց Սարգսյանը։  
13:00 - 08 ապրիլի, 2024
Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի և Նիդերլանդների գլխավոր դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանը Նիդերլանդներում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Դատախազությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ): Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և վստահություն հայտնել, որ հանդիպումը որակապես նոր փուլ կտեղափոխի երկու երկրների դատախազությունների միջև առկա համագործակցությունը։ Գլխավոր դատախազների զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել քրեական գործերով համագործակցության արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության շրջանակում շարունակական վերապատրաստումների միջոցով դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցման հմտությունների արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանը։ ՀՀ գլխավոր դատախազը գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է Երևանում նախորդ տարի կայացած՝ Դատախազության հիմնադրման 105-ամյակին  նվիրված խորհրդաժողովի արդյունքներին և տեղեկացրել, որ այս տարվա ապրիլին կրկին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով՝ Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան դատախազներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու այն մարտահրավերներն ու հեռանկարները, որոնք առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում: Միջազգային գործընկեր կառույցների հետ համագործակցության հարցերին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը կարևորել  է 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը և առանձնացրել շաբաթներ առաջ գրանցված ձեռքբերումը. ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում (ENPE)՝ որպես դիտորդ: Սյու Փրինենի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված փողերի լվացման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների դեմ պայքարին: Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցությունը խորացնելու  պատրաստակամություն է հայտնել և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
14:53 - 05 մարտի, 2024
Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Մեր իշխանությունները կշարունակեն աջակցել հայրենազրկված արցախահայությանը. Նիդերլանդների դեսպանը՝ Գարեգին Բ-ին

Փետրվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին, հաջողություններ մաղթեց Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ամստերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից մեկը։ Խոսելով Նիդերլանդների հայկական համայնքի գործունեության, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա գործակցության մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ տեղի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործընթացին։ Հայոց Հովվապետը, անդրադառնալով նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, բռնի տեղահանված արցախահայերի ծանր կացությանը, իր երախտագիտությունը  հայտնեց Նիդերլանդների Թագավորությանն այս դժվարին օրերին Հայաստանին և արցախահայությանը ցուցաբերած զորակցության համար։ Յապ Ֆրեդերիքսը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ Նիդերլանդների իշխանությունները կշարունակեն իրենց աջակցությունը ցուցաբերել հայրենազրկված արցախահայությանը, ինչպես նաև ջանքեր կներդնեն Հայաստանի անվտանգային և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման գործում։
18:21 - 29 փետրվարի, 2024