Ծրագրի շնորհիվ աշակերտներն «այլ» խոսք են լսում․ Հասմիկ Հակոբյան [Մաս 1-ին]
14:30 - 09 մայիսի, 2019

Ծրագրի շնորհիվ աշակերտներն «այլ» խոսք են լսում․ Հասմիկ Հակոբյան [Մաս 1-ին]

Դեկտեմբեր ամսից մեկնարկել է ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում արվեստի ոլորտի մասնագետներն այցելում են դպրոցներ՝ իրականացնելու իրենց նախագիծը։
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի մասնակից, գրականագետ, «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը մեզ հետ զրուցում ներկայացրել է նախագծը, դրական կողմերն ու առկա խնդիրները։

 

Ծրագրում ներառված են հանրապետության բոլոր մարզերը։ Ամեն մասնակից ամեն մարզից պետք է ընտրեր 3 դպրոց։ Մենք թվեր ենք գրել, թվերի տակ ծածկագրված դպրոցներ են եղել։Այս պահին մասնակիցների թիվը 43 է։ Բոլոր մասնակիցները միասին մոտ 1000 դպրոց պետք է այցելեն։
Մենք մեր այցելած դպրոցիների տնօրեններին ասում ենք, թե որ դասարանների հետ մեր աշխատանքն առավել արդյունավետ կլինի։ Ես, օրինակ, առաջարկում եմ հանդիպմանը բարձր դասարանցիներին հրավիրել։ Դպրոցում նայում են այդ դասաժամի իրենց նպատակահարմարությանը․ գուցե մեկ-երկու դասարան են միացնում իրար, գուցե լավագույն աշակերտներին են ներկայացնում։

 Սկսեցի խոսել անկախության գրականության մասին։ Իմ ծրագրի մեջ մասնավորապես նշված է եղել, որ պիտի «Գրանիշ» ժամանակակից գրականության կայքը ներկայացնեմ։ Ծրագիրն էլ դրա շուրջ է կառուցվել։ Բայց տեսա, որ աշակերտները տարրական գիտելիքներ չունեն ժամանակակից գրականության ոչ մի հարցի շուրջ, և սխալ կլինի, որ միանգամից ներկայացնեմ «Գրանիշն» ու «Գրանիշի» հեղինակներին։ Ստիպված սկսեցի խոսել անկախության գրականության մասին ընդհանրապես։

Դասական գրականություն և անկախության գրականություն։ Քանի որ ամեն դպրոցում ծրագիրը ներկայացնելու համար ընդամենը մեկ դասաժամ է հատկացված, հասցնում եմ խոսել հիմնականում պոեզիայի մասին։ Պոեզիայի օրինակով ցույց եմ տալիս անկախության գրականության առանձնահատկությունները, դասական գրականության հետ զուգահեռներ անցկացնելով՝ մատնանշում տարբերությունը:

Հետո կարդում ենք ու բանաստեղծության հիման վրա եմ ցույց տալիս օրինակները։ Երբեմն զուգահեռներ եմ տանում արվեստի՝ իրենց հայտնի ճյուղերի հետ՝ նկարչության, քանդակագործության։

Տպավորություններիս մասին գրում եմ granish.org կայքում։ Գրելուս հիմնական նպատակը շենքային պայմաններին անդրադառնալը չի եղել, ավելի շատ նպատակ ունեմ  դպրոցներում առկա կրթական խնդիրները վեր հանել։ Հատուկենտ տեղերում գրում եմ շենքային պայմանների մասին, բայց հիմնականում նշում եմ դասավանդման, կրթական խնդիրները։

Ամենամեծ բացը, որ նկատել եմ, դասագրքերում ժամանակակից հայ հեղինակների չլինելն է։ Իրական արդյունք ստանալու համար բազմաթիվ, բազմաոլորտ փոփոխություններ է պետք կատարել. սկսած դասագրքերից, վերջացրած ուսուցիչների վերապատարսատման դասընթացներով, որովհետև հենց նրանք են ամենօրյա, տևական ժամանակով շփվում աշակերտների հետ:

Ծրագիր ներկայացնելու համար, կարծում եմ, մեկ դասաժամը չափազանց քիչ է։ Մինչև երեխաները ինձ սովորում են, փորձում են ինձ հետ կապվել ու ինչ-որ հարցեր տալ, արդեն ցտեսություն եմ ասում, գնում եմ։ Ծրագիրը շատ կարևոր է, որովհետև երբ գնում եմ այդ դպրոցներ, տպավորություն է, որ վերջին 20 տարում աշակերտներն ուրիշ խոսք չեն լսել ուսուցչի խոսքից բացի։ Խոսքը կարծրացած է, ավտոմատացված։ Այդ ամենը գալիս է մեր կրթական ավտոմատացված, կարծրացած ծրագրերից:

Ծրագրի շնորհիվ աշակերտներն «այլ» խոսք են լսում, մի օր հանդիպում են նոր մեկի հետ, բայց նախագծի՝ արդյունավետ լինելու համար, պետք է գոնե մեկշաբաթյա հանդիպում, որ հնարավոր լինի ավելի մանրամասն խոսել, վերլուծել։

Մասնակիցները պիտի ավելի նպատակային ընտրվեն։ Ոչ թե դրվագային ինչ-որ բաներ ներկայացնեն, այլ կրթական, մշակված ծրագրեր։ Եթե ես, օրինակ, հեղինակ եմ, անարդյունավետ կհամարեմ, եթե գնամ, ինձնից խոսեմ։ Ես, իհարկե, աշակերտների հետ խոսում եմ «Գրանիշի» մասին, առաջարկում եմ մտնել, ընթերցել հայ հեղինակներին, բայց որոշակի գիտելիքներ տալուց հետո. անպատրաստ մարդկանց ժամանակակից գրականության ոլորտ ուղղորդելիս պետք է շատ զգույշ լինել, կարող են ընդհանրապես չհասկանալ, փախչել շատ հեռու: Ամեն դպրոցում գոնե առնվազն մեկ շաբաթյա դասընթաց է պետք։ Գուցե ավելի քիչ դպրոցներ ընդգրկվեն մեկ տարվա ընթացքում, բայց եթե ծրագիրը տևական լինի, մի քանի տարում բավականին շատ դպրոցներում, օրինակ, ժամանակակից գրականություն կամ արվեստ կանցնեն։

Հետադարձ կապը 5 տոկոս է կազմում։ Այս արդյունքը մեկանգամյա հանդիպումից է գրանցվում։ Եթե հանդիպումները շատ լինեն, տոկոսը կարող է հասնել մինչև 20-ի։
Բոլորին փորձում եմ բերել «Գրանիշի» կայք, իմ էջ ու այդ նույն բանաստեղծությունները հրապարակում եմ, որ իրենց աչքին ու ականջին անընդհատ այդ նույն բանաստեղությունները հասանելի լինեն։

Ծրագիրը մեկնարկային է, կազմակերպչական որոշ անհարթություններ կան: Դպրոցներին ծանուցում է ուղարկվել փետրվարին։ Տնօրենների մի մասը չի բացում և ստուգում այդ էլեկտրոնային նամակները, ու երբ գնում ես այդ դպրոցներ, քեզ կասկածամտորեն են նայում։ Բազմաթիվ հավաստիացումներից հետո, որ այսպիսի ծրագիր կա, մի կերպ հավատում են, երբեմն թուղթ են պահանջում, որը մեզ չի տրամադրվում։ Պատահել է, որ կրոնական կազմակերպության տեղ են դրել։

Լավ կլիներ, որ ծրագիրն այնքան լավ կազմակերպված լիներ, որ պատահական մարդիկ իսկապես հանկարծ չհայտնվեն նման կարգավիճակով ու ասեն, որ իրենք այս ծրագիրն են ներկայացնում։ Մի քիչ թափթփված է կազմակերպված, բայց երեխաների մեծ մասը սիրով է մասնակցում։

Կան նաև տեղափոխության հետ կապված խնդիրներ։ Երբեմն դպրոցներ հասնելու խնդիր է լինում՝ այդ հատվածներում տրանսպորտի բացակայության պատճառով, և այդ հարցերը կարգավորում են ծրագրի մասնակիցները՝ սեփական ուժերով։ Ճանապարհների խնդիրը, տեխնիկական մասը, կարծում եմ, չպիտի թողնվի մասնակիցների վրա։ Գուցե մասնակիցներին ավելի պակաս վճարեն, փոխարենն այդ հարցը լուծեն։

Այս ամենը պետք է մեր դպրոցներին, բայց մի տեսակ կոսմետիկ տպավորություն է թողնում։ Իրականում, լուրջ հիմքեր են պետք այդ ամենը նախապատրաստելու համար՝ ուսուցիչների վերապատրաստում, գրադարանների թարմացում, նոր ծրագրեր և այլն։ Պիտի այդ ամենը համատեղ արվի։ Ծրագիրն էլ կարող է լինել օժանդակող։ Որոշակի տևական ժամանակահատված պիտի հանդիպել աշակերտների հետ, որ կարողանաս իրենց ինչ-որ բան հասցնել։

Կարծում եմ՝ ծրագիրը շարունակական կլինի, որովհետև դպրոցների և մասնակիցների արձագանքը դրական է։ Փոփոխությունները որոշակի չափով ստացված են։
Նորարարական ծրագիր է, դպրոցներին իրոք անհրաժեշտ՝ արվեստի ընկալումը ավելացնելու համար։ Բայց արվեստի ընկալումը ավելացնելուն զուգահեռ պետք է ի սկզբանե գոնե տարրական ինչ-որ բաներ սովորեցնել աշակերտներին։

 

Մարգարիտա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել