120 000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև. Հասմիկ Հակոբյան
22:20 - 09 օգոստոսի, 2023

120 000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև. Հասմիկ Հակոբյան

ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի «Արձագանքող խորհրդարաններ կայուն և բարգավաճ ԱՍԵԱՆ-ի համար» խորագրով 44-րդ գագաթնաժողովին ԱՍԵԱՆ-ի ԽՎ-ում` որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար օգոստոսի 5-8-ը Ջակարտայում է գտնվել Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Իր ելույթում պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Պարո'ն նախագահ,

Մեծարգո' ներկաներ,

Գործընկերնե'ր,

Թույլ տվեք նախ երախտագիտությունս հայտնել Ինդոնեզիային` որպես Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայիս նախագահող և անձամբ խոսնակ Պուան Մահարանիին և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզայմերյանտիին, ինչպես նաև բոլոր անդամ երկրներին այսօր այս լսարանին դիմելու հնարավորության համար: Պատիվ է այսօր այստեղ գտնվել որպես հյուր:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Արդյունավետ համագործակցություն ունենալու նպատակով այս տարի ՀՀ Ազգային ժողովը նույնպես դիմել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:

Այս օրերին աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:

Այս առումով ես կցանկանայի ընդգծել խաղաղության և կայունության կարևորությունն ու հակիրճ ներկայացնել ձեզ Հարավային Կովկասի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Հարգելի' գործընկերներ,

Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` քննարկելով մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և փորձում է բարեխղճորեն բանակցել հարևանների հետ` չունենալով տարածքային պահանջներ վերջիններիս նկատմամբ:

Սակայն սա շատ բարդ գործընթաց է, քանի որ Ադրբեջանը, ցավոք, փոխադարձ համագործակցելու մտադրություն չունի: Ընդհակառակը, վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ հարձակում է գործել Հայաստանի տարածքի վրա, իսկ 2022 թվականի դեկտեմբերից ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը` միակ կենսական ուղին, որը կապում է հայաբնակ Լեռնային Ղարաբաղն աշխարհի այլ տարածքների հետ: Իրավիճակն արագորեն վատթարանում է, 120.000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի և բնաջնջման իրական վտանգի առջև: Այս գործողությունը հակասում է փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող կարգերին:

Այնուամենայնիվ, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակին: Մենք համոզված ենք, որ երկարատև խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն ցուցաբերեն անդրադառնալու հակամարտության բուն պատճառին, և այդպիսով մենք լուծումը տեսնում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդրի լուծման մեջ` ներկայացուցիչների և Ադրբեջանի կառավարության միջև միջազգային մեխանիզմով բանակցությունների միջոցով:

Տիկնա'յք և պարոնա'յք,

Հայաստանը ներգրավված է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների և հապաղումների հասնել Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների կարգավորման, և հուսով ենք, որ Թուրքիան նույնպես նման պատրաստակամություն կցուցաբերի:

Հարգելի' գործընկերներ,

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար և մաղթել արդյունավետ քննարկումներ առաջիկա օրերին: Շնորհակալություն»,- եզրափակել է Հասմիկ Հակոբյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել