armenpress.am: Իսրայելը հավաստում է պատրաստակամությունը Երուսաղեմում ընդունելու ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին:
«Անշուշտ,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:- Բայց այնուամենայնիվ նրանք (Պուտինը և Զելենսկին) պետք է ընդունեն համապատասխան որշում»: Նրա խսքով՝ Իսրայելը «մեծ պատիվ» կհամարեր Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների անցկացումն իր տարածքում: «Հաճույքով կընդունենք հանդիպումը Երուսաղեմում»,- հավելել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպումներ անցկացնել Երուսաղեմում, ասել է Իսրայելի դեսպանը: «Պատրաստ ենք նաև (ՌԴ-ի և Ուկրաինայի) պատվիրակություններին ընդունելու: Այն, ինչ արվեց Թուրքիայում, կարող է արվել նաև մեզ մոտ»,- ասել է դիվանագետը: ՌԴ-ի և Իսրայելի ղեկավարները շարունակում են կանոնավոր շփումները, հայտարարել է դեսպանը: «Նրանք, իրոք, կանոնավոր շփման մեջ են»,- ասել է դիվանագետը: «Երբ կլինի հաջորդ (շփումը), առայժմ չեմ կարող ստույգ ասել»,- հավելել է նա: Դիվանագետի խոսքով՝ «ռազմական գործողությունները միշտ վատթարագույն տարբերակն են»:
«Միշտ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ տառապում: Դա միշտ ցավալի է: Լինեն նրանք Ուկրաինայի խաղաղ բնակիչներ, թե Դոնբասի խաղաղ բնակիչներ: Եթե ամեն ինչ կարելի է լուծել այլ ճանապարհով, բանակցությունների միջոցով, ապա անհրաժեշտ է լուծել այլ ճանապարհով»,- ամփոփել է նա:
comment.count (0)