Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|
17:32 - 06 հունիսի, 2022

Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում, պետությունը աշխատանքներ է տանում ռուս և վրացի գործընկերների հետ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր: Եվ մենք շարունակում ենք աշխատանքները՝ մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու է հենց Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ են իրականացվում մաքսային գործողությունները: «Սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով նախատեսվող լաստանավային հաղորդակցությանը՝ նա ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ, համաձայնեցրել աշխատանքային կարգը: Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծելու: «Դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք,-ասաց Քերոբյանը:

Ըստ պլանավորածի՝ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել: Նախարարը հավատացած է, որ դա թույլ է տալու, որ ամենաարագ փչացող ապրանքների, ամենածանր ապրանքների հարցը օրակարգից հանել: Չնայած լաստանավի տարողունակությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի թարմ և արագ փչացող ամբողջ ապրանքների համար օգտագործել լաստանավային հաղորդակցությունը:

Նա վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետով արագ տարանցման մեխանիզմների ուղղությամբ էլ են աշխատանք կատարում, որ հայկական բեռները, որպես ԵԱՏՄ բեռները, ավել արագ ընթացակարգերով անցնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել