Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին |1lurer.am|
13:48 - 07 հուլիսի, 2022

Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ. Վահան Քերոբյանը՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության աշխատանքը և 10.2 տոկոս բարձր տնտեսական աճը, որ մենք ունենք, ըստ էության, տարածաշրջանում և աշխարհում ամենաբարձրերից մեկն է, պետք է ուղղված լինի նրան, որ երկրում ապրող մարդիկ ապրեն ավելի լավ: Բնականաբար, բարձր տնտեսական աճի արդյունքները Կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որպեսզի աղքատությունը նվազի, իսկ հիմա մենք սննդամթերքի բարձր գների պատճառով կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև: Այդ մասին Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ Կառավարությունն աղքատության դեմ պայքարի առումով մի քանի գործողություն է կատարում. մասնավորապես, մյուս տարվանից, ըստ էության, բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները:

Կառավարությունը մտադիր է նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Դա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Այս գործողությունների արդյունքում մենք փորձում ենք մի կողմից գնաճի ազդեցությունն աղքատության վրա չեզոքացնել, մյուս կողմից՝ ԿԲ-ն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ, և այս առումով ևս պետք է արձանագրենք, որ մենք տարածաշրջանի ամենացածր գնաճն ունենք»,- ասաց Վահան Քերոբյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացման ազդեցությանը տնտեսության վրա, ապա նախարարն ասաց հետևյալը.

«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ: Որտե՞ղ անշարժ գույքն ավելի թանկ արժի՝ փակուղու վերջո՞ւմ, թե՞ խաչմերուկի վրա:

Մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ: Բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային»,- նշեց Վահան Քերոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել