1lurer.am: Վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ առումով ճգնաժամային էին և ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մեկ կարևոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում: Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, և որը մեր երկրի ժողովրդավարական համարումը և ժողովրդավորությունը՝ որպես ինստիտուտ, ևս մեկ քայլով ամրացնում է: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության հարգելի գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և ՀՀ կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այս հարցերի բոլոր պատասխաները, բոլոր մանրամասներն ունենանք»,- ասաց նա և հավելեց՝ առաջիկայում այս հարցերին կետ-կետ կանդրադառնա:
«Մի բան կարող եմ ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջին փորձից հետո առավել ևս տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք: Նույնիսկ կա գաղափար, որ գուցե քննարկենք՝ ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով:
Բայց դա առանձին քննարկման թեմա է, որ, իհարկե, Կառավարության կազմով կամ առնվազն քաղաքականություն մշակող մարմինները պետք է այս թեմային անդրադառնան: Շատ նախնական առաջարկ է, բայց, կարծում եմ, առնվազն քննարկել արժե»,- ասաց նա:
comment.count (0)