Սուբվենցիոն և այլ ծրագրերի սահմանափակումներ են սպասվում ծառայողական մեքենաները կրճատելու սկզբունքը չկիրառող համայնքներին
12:36 - 19 դեկտեմբերի, 2024

Սուբվենցիոն և այլ ծրագրերի սահմանափակումներ են սպասվում ծառայողական մեքենաները կրճատելու սկզբունքը չկիրառող համայնքներին

1lurer.am: Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքների 46 ծրագրեր: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 133,2 մլն դրամ, Արամվիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիք՝ 519,7 մլն դրամ, Լոռի՝ 515 մլն դրամ, Կոտայք՝ 71,9 մլն դրամ, Շիրակ՝ 204,9 մլն դրամ, Սյունիք՝ 699,2 մլն դրամ, Վայոց ձոր՝ 224,1 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 349,5 մլն դրամ:

«Միաժամանակ տեղեկացնեմ, որ այս որոշումով արդեն 2024 թվականի պետբյուջեից կունենանք 31,8 մլրդ դրամի չափով համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար, որը նախորդ տարվա ցուցանիշից 1,5 մլրդ դրամով ավելի է»,- ասաց Խուդաթյանը:

Ստացվում է, որ մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 մլն դոլարի ներդրում ենք անում 1 տարվա ընթացքում, արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Սա ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում»:

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև ծառայողական մեքենաներին՝ ուղերձ հղելով բոլոր համայնքների ղեկավարներին. «Մեր բոլոր համայնքների ղեկավարներին այդ ուղերձները պետք է հստակ տալ, որ, մասնավորապես, ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ այն սկզբունքը, որը ես առաջադրել եմ, բոլոր համայնքներում պետք է կիրառվի. բոլոր համայնքներում՝ առանց բացառության:

Իհարկե, այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ առաջնահերթություն:

Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել