Շուրջ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցիչ. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում
17:29 - 16 հուլիսի, 2022

Շուրջ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցիչ. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)  առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ալժիրում կայացած նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։  Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են Հայաստանին։ Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված  Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։

«Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կնդունի համաշխարհային կոնգրես։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն»,-ասված է հաղորդագրությունում։

 Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է  IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը` նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ  ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել