Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի

 |armenpress.am|
12:51 - 18 հուլիսի, 2022

Հայաստանում հուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: 

«Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը: 

Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է:

«Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ:  Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել