Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ազգային վստահության խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին և հրապարակեց իր կազմած ցուցակը  |factor.am|
15:31 - 05 օգոստոսի, 2022

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց ազգային վստահության խորհրդի ստեղծման անհրաժեշտության մասին և հրապարակեց իր կազմած ցուցակը |factor.am|

factor.am: «Ունենք մեկ ամիս պատմության ընթացքը փոխելու համար»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ վարչապետի ինքնաբացարկը կամ ժողովրդի պահանջով նրա հրաժարականը:

Քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին` սթափվել։

«Մեզ պետք է այդ ինքնաբացարկը, իսկ եթե չէ, եթե իր ընտանիքը չկարողանա, իր կուսակցական ընկերները չկարողանան այս ամսվա ընթացքում դուրս գալ այդ նյութական կապվածությունից, ուրեմն դա պետք է անի այն պետական մարմինը, որ տեսնում է ազգային պետական շահը։ Եվ եթե այդ պետական մարմինն էլ ուզում է մեղասակից դառնալ, ուրեմն` ժողովուրդը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի խնդիրը պետք է լինի ազգային վստահության խորհրդի ստեղծումը:

Հովհաննիսյանը հրապարակեց ազգային վստահության խորհրդի իր կազմած ցուցակը, որը, նրա խոսքով, պետք է հիմք դառնա ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։

«Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,– հրապարակեց Րաֆֆի Հովհաննիսյանը` միաժամանակ հայտնելով, որ ցուցակում ներառված անձանց հետ չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։

Նա նաև հայտարարեց, որ իր համար որպես պայքարի մեկնարկի օր է նախանշել օգոստոսի 8-ը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել