factor.am: Ընթանում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը։
Ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ռուս խաղաղապահների կողմից իր մուտքն Արցախ արգելելու մասին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում էր Արցախ՝ մասնակցելու թոռան մկրտությանը, որը պետք է տեղի ունենար Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի Սուրբ Հովհաննես վանքում, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք:
«Ես սա համարում եմ թյուրիմացություն և հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը, այսինքն՝ Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ – մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը և արժանապատվությունն ու իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և, ինչպես ամեն տարի, մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը»:
Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե այդ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործի՞ց, թե՞ Երևանում թաքնված նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն. «Սրա տիրույթը գեներալ-մայորն է, Արցախի հանրապետության տակավին ինքնիշխան պետականությունն ու ՀՀ պատկան մարմինը: Դրանցից որևէ մեկը պիտի չասի, որ ես մեկնաբանություն չունեմ: Մի կողմ դնենք, որ սա նախկին արտգործնախարար է՝ Արցախի, Հայաստանի ինքնիշխանության, պետականության իմ ինքնակշիռը, հաշվեկշիռը իմ և Աստծո միջև է, դա հրապարակման ենթակա չէ: Բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի հանրապետությունում»:
comment.count (0)