«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, այն ներկայացնում ենք ստորև․
«Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը:
Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրեւ անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը:
Ցավալի է, բայց՝ փաստ. հայազգի մարդը հայերենով պաշտպանում էր ոչ թե Հայաստանի կամ նրա քաղաքացու շահերը, այլ՝ բացառապես օտարինը, թշնամունը, իր կուսակիցներինը, իր անձնականը: Արցախի, Ցեղասպանության, «անկլավների» եւ պետության տարածքային ամբողջականության մասին նա խոսում էր ոչ թե իր ժողովրդի հետ եւ ոչ թե որպես վերջինիս կողմից պատվիրակված գերագույն ծառա ու հրամանատար, այլ որպես ինչ-որ խորամանկ ծածկագիր-ուղերձ հղող՝ իր հարեւան նոր գործընկերներին, որոնք բռնազավթել են Արցախի, անգամ, Հայաստանի զգալի հատվածներ, եւ ում թեզերը նա սիրով վերաշարադրում էր ասուլիսի ժամանակ:
Այդպիսով՝ նա միանձնյա փորձում է, հաչս աշխարհի եւ իրականում, հողին հավասարեցնել մի ողջ ազգի, նվիրյալ սերունդների, նահատակված հերոսների սրբազան պայքարը հանուն ազատության, անկախության, արդարության ու արժանապատվության: Հանուն Հայրենիքի:
Այդ իրավունքը նա չունի: Այդ իրավունքը չունի եւ իր կուսակցությունը: Ոչ մեկը չունի:
Մենք այսքան տարի չենք անձնավորել, զորակցել ենք՝ հավատարիմ առաջընթացի մեր մշակած սկզբունքներին, որոնք ավանդում են պետության ինքնիշխանություն, ազգի շահ, քաղաքացու ազատություն, դատական անկախություն, կրթության ապակուսակցականացում, քաղաքական բանտարկյալների բացառում, իրավունքի իշխանություն:
Գործող վարչապետը իքն է շփոթել անձը պետության հետ եւ երկիրը տանում է ոչ թե հեռատես, ազգօգուտ խաղաղության, այլ՝ դեպի համակործանում: Եթե նա ի զորու չէ պեղելու հայկական եւ համամարդկային այն եզակի հատկանիշները, անելու իր համար անհնարն ու պատվով հեռանալու պաշտոնից, բոլոր մնացածներս պետք է կանգնենք Հայաստանի Հանրապետության կողքին, օգնենք, զորավիգ լինենք, որպեսզի նա ստանա իրեն արժանի եւ օրինակարգ հերթափոխը»,- նշված է հայտարարության մեջ:
comment.count (0)