«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում: Արդեն մեկ շաբաթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը:
«Ժառանգություն» կուսակցությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վտանգավոր ժամանակագրությունը, եւս մեկ անգամ արձանագրում է՝
ա. Ադրբեջանը չի կատարել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու մասին դեռեւս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը.
բ. 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբավորումներն ամրացել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում.
գ. Ադրբեջանական հրոսակախմբերը տարբեր տեսակի բռնաճնշումների, սպառնալիքների ու հակամարդկային այլ գործողությունների միջոցով հումանիտար ճգնաժամ են առաջացրել Արցախում՝ կոպտորեն ոտնահարելով տեղաբնակների իրավունքները: Պայթեցվել է եւ ցայսօր չի գործում Արցախ մտնող գազատարը, պարբերաբար տեղի են ունենում էլեկտրաէներգիայի անջատումներ, բարձրախոսով հնչում են Ստեփանակերտին մոտ գտնվող Խրամորթ բնակավայրը դատարկելու կոչեր ու սպառնալիքներ, սահմանամերձ մի շարք հատվածներում խոչընդոտվում է խաղաղ գյուղատնտեսական աշխատանքների կատարումը եւ այլն.
դ. Հայոց բռնի հայրենազրկումն ու կրոնամշակութային ժառանգության ցեղասպանությունն ամեն օր շարունակվում են:
Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում պատկան մարմիններին՝ առանց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, անխտիր բոլոր հայ ռազմագերիների հայրենադարձության եւ Արցախի սուբյեկտայնության ու տարածքային ամբողջականության ճշգրտման, հայ-ադրբեջանական սահմանագոտու սահմանագծման-սահմանազատման քողի տակ չգնալ նոր արկածախնդրության՝ հող նախապատրաստելով հայրենատվության հերթական տխեղծ արարի կենսակոչման համար:
Կոչ ենք անում նաեւ ՀՀ ներքաղաքական տիրույթի դերակատար ուժերին՝ իջնել սեփական «ԵՍ»-ի բարձունքից եւ դուրս գալ ներկայից անցյալ ձգվող վտանգավոր տեղապտույտից: Պատերազմի եւ խաղաղության չուրվագծված հերթական այս հանգրվանում ազգային ու պետական շահերի վրա խարսխված համախումբ նոր իշխանության կազմավորումը օրվա հրամայականն է: Այլապես Արցախի հայաթափման եւ պետականության աղճատման համար սերունդների նզովքից չենք խուսափելու ոչ մեկս:
comment.count (0)