hetq.am։ Ախուրյան խոշորացված համայնքում բրիկետի արտադրության ծրագրի հետ կապված
«Սառույցը տեղից շարժվել է»: «Հետք»-ն անդրադարձել էր գործարանի հիմնման հետ կապված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի ստեղծած խոչնդոտներին, որոնք բանակցությունների եւ ավագանու անդամների դիրքորոշման շնորհիվ արդեն իսկ հարթվել են ու կատարվել է առաջին գումարային փոխանցումը ծրագիրն իրականացնող հիմնադրամին:
«Ինչպես գիտեք, ծրագրի ողջ արժեքը 50.5 մլն դրամ է, որից 10 մլն դրամը համայնքային ֆինանսավորումն է: Գումարի առյուծի բաժինը ծախսվելու է հոսքագծի ձեռքբերման վրա, իսկ համայնքի բյուջեից տրամադրվող գումարը՝ տարածքի մաքրման, հողային աշխատանքների ու շինությունների նորոգման վրա:
- ասում է Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամի տնօրեն Սամվել Սաֆարյանը,- Դեռ 200 հազար դրամ է փոխանցվել, որ թղթաբանական գործերն անենք, բայց մենք ապրիլի 19-ից սկսել ենք նաեւ տարածքի մաքրման, հողահարթեցման աշխատանքներն ու մեկ շաբաթից ամբողջությամբ կավարտենք»:
Սամվել Սաֆարյանը
Տնօրենի փոխանցմամբ, եթե չլինեն խոչնդոտներ, ապա 20 օր էլ կծախսեն շենքի տանիքի հիմանորոգման եւ շենքային պայմանների բարելավման վրա: Դրանից հետո նոր կարող են արդեն պատվիրել հոսքագիծը, եւս երկու ամիս անց սկսել արտադրությունը: «Քանի դեռ շենքային պայմանները բարլավված չեն, մենք չենք կարող հոսքագիծը բերել:
Բուն արտադրությունը պետք է սկսենք սեպտեմբերին, այսինքն բերքահավաքից հետո, երբ գյուղացին հացքաղ կանի ու մենք հնարավորություն կունենանք ծղոտը վերցնելու, որպես բրիկետի հումք: Անցած տարի աշնանից մենք պահեստավորած ունենք տերեւ եւ ծառի ճյուղեր, սակայն հիմանական հումքը ծղոտն է լինելու»,- ասում է Սամվել Սաֆարյանը:
comment.count (0)