ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ
10:08 - 15 սեպտեմբերի, 2022

ՔՊ պատգամավորի պնդմամբ՝ օպերատիվ աշխատանք է տարվում ակցիայի մասնակից երիտասարդ տղաներին իդենտիֆիկացնելու և առաջնագիծ ուղարկելու ուղղությամբ

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում, մեկնաբանելով գիշերը ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիան, նշեց, որ պետք է հասկանալ դեպքերի հաջորդականությունը։ Նրա պնդմամբ՝ երեկ առավոտվանից մեր ԶՈՒ-ն բավականին հաջող գործողություններ են կատարել և նրանց հաջողվել է մի քանի դիրք հետ վերցնել։

«Դրանից հետո ՀՀ վարչապետը գալիս է ԱԺ, անում է մի էսպիսի հայտարարություն․ «ՀՀ-ը միջանցմ իր տարածքից՝ 29 800 կմ-ց, ոչ մի միլիմետր հող չի զիջելու, ու մենք պատրաստ ենք ամեն մի միլիմետրի համար մեռնել»։ Էդ արտահայտությունից հետո մարդիկ՝ որոշակի խումբ, վերցնում կտրում է վարչապետի ելույթից մի կտոր, սկսում դա տարածել ու տիրաժավորել՝ փորձելով ներկայացնել, թե իբր ինչ-որ բան է ստորագրվել արդեն իսկ հետին թվում կամ ստորագրվելու էն պարագայում, երբ որ վարչապետն ասել է ուղիղ հակառակը, որ էն, ինչը հիմա քննարկվում է, մենք պատրաստ չենք ստորագրել ու չենք ստորագրելու, որովհետև չունենք վստահություն դրա նկատմամբ»,- ասաց պատգամավորը։

Ալեքսանյանը, մեկնաբանելով երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան, գիշերը նշել է․ «Գործակալական որջերից, պադվալներից, գետնի տակերից դուրս են վազում ինչ-որ առողջ ուժեր, երիտասարդներ, որոնց, ի դեպ, օգտվելով եթերից, շնորհավորում եմ․ նրանք շահել են զինկոմի ուղեգիր: Նրանք էս պահի դրությամբ (սեպտեմբերի լույս 15-ի գիշերվա,- խմբ․), եթե չեմ սխալվում, ունեն մոտ 8 ժամ իրենց իրերը, բանը հավաքեն, որովհետև առավոտյան 9-ից, մենք չենք կարող մեզ թույլ տալ էդ ճոխությունը, որ նման մեծ ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ։

Պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ էի խոսում, ինքն էլ արդեն խոսել էր զինկոմի հետ․ էս ոգով, ուժեղ երիտասարդները (ակցիայի մասնակիցները,- խմբ․) վաղը առավոտվանից (սեպտեմբերի 15-ի,- խմբ․) կստանան արդեն իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ

Ձեզ թվում ա, որ էդպիսի ոգով երիտասարդները պիտի մնան Երևանի կենտրոնո՞ւմ։ Տղերքը պայքարում են, որ Հանրապետությունը մնա անսասան, հողերը մնան։ Չօգնե՞նք մարդկանց։ Ես գիտեմ նաև, որ օպերատիվ աշխատանք է տարվում բոլորին (ացիայի մասնակից երիտասարդ տղաներին- խմբ․) իդենտիֆիկացնելու ուղղությամբ։»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք դա ընդդիմադիրների նկատմամբ ճնշում չէ, ասաց՝ ոչ։

Հիշեցնենք, որ ԱԺ-հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»։

Քաղաքացիները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և որ պատգամավորները իմպիչմենտ հայտնեն ՀՀ վարչապետին։

Երեկոյան ՔՊ պատգամավորները հերքում էին տարածվող լուրերը, թե որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, այնուհետև ինքը՝ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց իր ելույթը՝ կոչ անելով մանիպուլյացիաների չտրվելու․ «Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված՝ դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։  Խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել  է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը»։

Ընդդիմությունը, որի պատգամավորները ևս միացել էին ցուցարարներին, հայտարարեց, որ պետք է ևս 18 ստորագրություն՝ իմպիչմենտ հայտնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել