Բաքվում Իրանին մեղադրել են Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ
11:05 - 24 նոյեմբերի, 2022

Բաքվում Իրանին մեղադրել են Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ

Իրանի հատուկ ծառայությունները ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ։ 

Այս մասին, ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին խորհրդական, գեներալ-լեյտենանդ Ջեյհուն Շադլինսկին։

Նա ընդգծել է այս ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել։

Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ ԱԳՆ-ն նշեց․ «Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»։

Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց։ 

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադառնալով Ադրբեջանից հնչող հակաիրանական հայտարարություններին ասել էր, թե Իրանի համբերությունը չպետք է շփոթել թուլության հետ։ «Ոչ ոք չպետք է մեկնաբանի Իրանի համբերությունը որպես թուլություն. տարածաշրջանի երկրների պատմությունը պարզ է ու խոսուն, այն չի կարելի խեղաթյուրել, պատմությունն ավելի լավ է ճիշտ կարդալ։ Մեր քաղաքականությունը մեր հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիական լինելն է, Իրանի ու նրա հարևանների միջև հարգանքն ու եղբայրական կապերը պահպանելը, հատկապես՝ Ադրբեջանի երկրի և ժողովրդի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել