Հայաստանը 100 մլն եվրո վարկ կվերցնի՝ պետբյուջեի դեֆիցիտի համար. վարչապետը հետաքրքրվեց՝ որքա՞ն է ՀՀ-ի պետական պարտքը

 |armtimes.com|
13:51 - 24 նոյեմբերի, 2022

Հայաստանը 100 մլն եվրո վարկ կվերցնի՝ պետբյուջեի դեֆիցիտի համար. վարչապետը հետաքրքրվեց՝ որքա՞ն է ՀՀ-ի պետական պարտքը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծում նշվում է, որ խոսքը 100 մլն եվրո վարկային համաձայնագրի մասին է, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Զարգացման ֆրանսիական գործակալություն»-ը որոշում է կայացրել Հայաստանում բացել ներկայացուցչություն. «Այս վարկը նախատեսված է, որ լինի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով: Մենք կարող ենք ընտրել թե՛ լողացող, թե՛ ֆիքսված տոկոսադրույք»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ունենք շատ դրական վիճակ, երբ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է:

«Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյո՞ւնք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ սա մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից: Հիմա շատ շահարկում են, ասում՝ «վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ»: Յոթ միլիա՞րդ, քանի՞ միլիարդ է դարձել»,- ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։

«Այս տարվա վերջ 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի»,- արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։

«10 միլիարդ և այլն, այդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էս ինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, ոնց է լինելու, ենթադրենք, այդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իր համար 50 հազար դոլար պարտքը խնդիր չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ նվազի»,- նկատեց Փաշինյանը։

Վերջինս անդրադարձավ նաև օնլայն կազինոներին և նշեց՝ 4 տարվա համառ պայքարից հետո կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել:

«Եթե մինչև հիմա օնլայն կազինոները, բուքմեյքերական գրասենյակները վճարում էին ընդամենը 600 միլիոն դրամ պետական տուրք, ապա այսուհետև ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար կվճարեն 170 միլիոն դրամ տուրք 600 միլիոն դրամ պետական տուրքի հետ միասին։ Մյուս փոփոխությունը, որն անում ենք, հետևյալն է. եթե այսօրվա օրենքով կազինոների գործունեության թույլտվություն ենք տվել որոշակի տեղանքում, իսկ 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում անձը կարող էր ցանկացած տեղ բացել կազինո, ապա հիմա Ֆինանսների նախարարության հետ եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել մեթոդաբանություն՝ հաշվարկելու՝ արդյոք 100 միլիոնի ներդրումն իսկապես արվա՞ծ է. որովհետև արդեն իսկ ունենք ազդակներ, որ Երևանում 100 միլիոն դոլարի ներդրմամբ հյուրանոց է կառուցվում՝ հետագայում կազինո բացելու նպատակադրումով, որը կաշխատի այլ տրամաբանությամբ: Ուստի խնդիր կա հաշվարկել՝ արդյոք 100 միլիոն դոլարի ներդրումն արվա՞ծ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել