«Մուտիտ չեռեզ կռուտիտ». քրեական բառապաշարը քաղաքական խոսույթում
19:02 - 06 դեկտեմբերի, 2022

«Մուտիտ չեռեզ կռուտիտ». քրեական բառապաշարը քաղաքական խոսույթում

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի գրառում էր արել, որտեղ ներկա իշխանություններին մեղադրում էր «կռուտիտ» անելու համար։ Այդ բնութագրումը  արտասովոր մի բան չէ և բավականին հաճախ է հնչում անցյալի և ներկայիս քաղաքական իշխանությունների հասցեին։ Սակայն գրառումն ինքնին առիթ է քաղաքական հաղորդակցության արդյունավետության տեսանկյունից՝ նման կարգի բնութագրումները քննարկելու համար։

«Գուգլ» որոնողական համակարգը 9000-ից ավելի հայալեզու նյութ է հրամցնում, որոնցում օգտագործվում է «կռուտիտ» բառը։ Այդ նյութերի մեծ մասը քաղաքական բնույթի հրապարակումներ կամ արձագանքներ են։ Ավելին, «կռուտիտն» իր հետ բերում է «մուտիտ»-ին, որը, ինչպես պարզվում է, հիշատակվում է շատ ավելի մեծաթիվ նյութերում (13200 արդյունք)։ Դրանց մեծ մասը նույնպես քաղաքական բնույթի հրապարակումներ և արձագանքներ են։ Ընդորում, ակներև է հետևյալ օրինաչափությունը․ «կրուտիտ» բառով ավելի հաճախ բնութագրվում են իշխանությունների գործողությունները, իսկ «մուտիտն» օգտագործվում է մեծ մասամբ ընդդիմության գործողությունները բնութագրելու համար։ 

«Գուգլ» համակարգը հիշեցնում է նաև այլ բնութագրումների մասին, որոնք տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հայտնվել կամ հայտնվում են հայաստանյան քաղաքական խոսույթում։ Օրինակ, «պռապուսկատ անել», «գռուզիտ անել», «աբխադիտ լինել»  և այլն։ Կարծես թե ծավալուն փաստարկումների անհրաժեշտություն չկա՝ հիմնավորելու, որ վերոհիշյալ բառերը կամ հասկացությունները քրեական խոսվածքում օգտագործվող հասկացություններ են և այդտեղից են թափանցել քաղաքական խոսույթ։ Դրանց գործառման կերպը արդեն իսկ դրա վկայությունն է։ Հայկական քրեական խոսվածքում կամ ժարգոնում այդ բառերն օգտագործվում են հայերեն «անել», «լինել» և այլ բայերի ուղեկցությամբ, չնայած այն հանգամանքին, որ ռուսերեն քրեական խոսվածքից փոխառնված որոշիչ բառերը («կռուտիտ», «մուտիտ», «աբխադիտ» և այլն) ինքնին հենց բայաձևեր են։ Հատկանշական է, որ քրեական խոսույթում կոնկրետ «կռուտիտն» ու «մուտիտը», որոնք թարգմանաբար նշանակում են ֆռացնել (խաբել) և պղտորել (խառնակչություն անել), բազմաթիվ դեպքերում ունեն բացասական կոնոտացիա և  վերագրվում են իշխանություններին, ավելի ստույգ՝ իրավապահ և դատական մարմիններին։ Զուտ «գողական» հարաբերություններում «կռուտիտն» ու «մուտիտը» չեն խրախուսվում։ Քրեական խոսվածքին վերաբերող ռուսալեզու բառարաններում «կրուտիտ» բառի իմաստային մեկնաբանությունների գերակշիռ մասը վերաբերում է իրավապահների և դատավորների գործողություններին։ Օրինակ՝ крутить – հարցաքննել, հետաքննել, լրացուցիչ պատժաչափ սահմանել ազատազրկման վայրում գտնվող հանցագործի համար; крутить гудзыки – քրեական գործ հարուցել; крутиловка – հանցագործներին ձերբակալելու օպերացիա։ Իսկ «մուտիտը» առհասարակ չունի դրական որևէ կոնոտացիա։

Շատ ավելի բազմակողմանի փաստարկման կարիք ունի այն հարցը, թե ինչպես են վերոհիշյալ  հասկացությունները թափանցել քաղաքական խոսույթ։ Բայց սույն հոդվածի բուն նպատակից ելնելով՝ դրա շուրջ չենք կարող շատ ծավալվել։ Ստիպված ենք բավարվել երկու կարևոր դիտարկումով։ Նախ՝ հետանկախության շրջանում ՀՀ իշխանական մարմիններ (Կառավարություն և Ազգային ժողով) թափանցեցին քրեական և մերձքրեական տարբեր հեղինակություններ, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ քաղաքական խոսույթի վրա։ Երկրորդ՝ քրեական կամ գողական ենթամշակույթի մեր իրականացրած ուսումնասիրությունները փաստում են առհասարակ մեր հանրության մի զգալի մասի արժեհամակարգի վրա այդ ենթամշակույթի՝ դեռևս խորհրդային իշխանության տարիներից ունեցած ազդեցությունը, ինչը արտահայտվում է նաև առօրյա խոսակցականում քրեական խոսվածքին հատուկ բառապաշարի ինտենսիվ օգտագործման հանգամանքում՝ հատկապես ավագ սերնդի քաղաքացիների շրջանում։ 

Վերադառնալով հոդվածի բուն նպատակին՝ առաջին հերթին պիտի պարզաբանենք, թե քաղաքական խոսույթում քրեական բառապաշարի օգտագործումը ինչ խնդիրների է ծառայում։ Ընդորում, խոսքը հենց այդ հասկացություններն օգտագործող քաղաքական գործիչների, ոչ թե շարքային քաղաքացիների մասին է։ Որովհետև վերջիններիս դեպքում այդ հասկացությունների օգտագործումը հիմնականում բողոքի ու դժգոհության պարզ դրսևորում է, և քաղաքական որևէ շահ չի հետապնդվում։ Այնինչ, քաղաքական գործիչների պարագայում դրանց օգտագործումը պարունակում է առնվազն երկու՝ միմյանց հետ փոխկապակցված շահ կամ նպատակ․ նախ՝ լայն լսարանին իշխանության ու նրա ներկայացուցիչների գործողությունների սխալականության մատչելի ներկայացում, ապա՝ իշխանության ու նրա ներկայացուցիչների վարկաբեկում։  

Պիտի արձանագրենք, որ կոնկրետ քաղաքական ուժի տեսանկյունից քրեական բառապաշարի օգտագործումը վերը հիշատակված երկու նպատակների դեպքում էլ կարող է շատ արդյունավետ լինել, և հաճախ այդպես էլ լինում է։  Սակայն հարցն այն է, թե նման բառապաշարի օգտագործումը որքանով է արդյունավետ ընդհանուր քաղաքական միջավայրի և համընդհանուր բնույթ ունեցող քաղաքական խնդիրների լուծման տեսանկյունից։ Հապշտապ պատասխանի դեպքում կարելի է փաստել, որ էական ոչ մի նշանակություն չունի՝ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական։ Նման տպավորություն է ստեղծվում օրինակ գործող իշխանությունների արձագանքից։ Նրանք կամ արձագանքում են հակառակ պիտակումներով կամ առհասարակ չեն արձագանքում՝ այդպիսով կարծես ակնարկելով, թե ինչքան ուզում եք խոսեք ու վարկաբեկեք։ Ուստի թվում է, թե առանձնակի մտահոգության կարիք չկա, որ իսկապես այդ հաղորդակցության հետևանքով ոչինչ տեղի չի ունենում։ Բայց արդյո՞ք քաղաքականության համատեքստում, երբ ունենք հաղորդակցության փաստ, բայց չունենք արդյունք, կարելի է համարել, որ «ոչինչ տեղի չունենալը» լավ կամ դրական է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն հիմնախնդրի հետ, որի բարձրաձայնման առիթով քաղաքական ընդդիմախոսները օգտագործել են «կրուտիտ» կամ «մուտիտ» պիտակումները։ Ճի՛շտ է, բարձրաձայնված հիմնախնդիրը չի լուծվում։ Ավելին, իր հետևից բերում է ուրիշ հիմնախնդիրներ, որոնց լուծումն էլ ավելի է դժվարանում։ Դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ լղոզվում են քաղաքականի ու քրեականի սահմանները։ Գրող հրապարակախոս Գ Տեր-Գաբրիելյանի բառերով ասած՝ տեղի է ունենում «լեզվի իջեցում», ինչի հետևանքով քաղաքական ուղերձը կորցնում է իր քաղաքական նշանակությունը, հետևապես նաև քաղաքական սահմանման համաձայն արձագանքի արժանանալու հնարավորությունը։ «Գողական» խոսվածքի տրամաբանությամբ ստացվում է «մուտիտ չեռեզ կռուտիտ»։

Իսկ հիմա պատկերացնենք մի վիճակ, երբ քաղաքական ուժերը միմյանց գործողություններին արձագանքում են ոչ թե քրեական խոսվածքից վերցված պիտակումներով, այլ, ասենք, քաղաքական համատեքստին հարիր կոնկրետ հիմնավորումներով։ Օրինակ, «Պարո՛ն այսինչյան, Ձեր այս արարքը կամ գործունեությունը արդարացում չունի, որովհետև կան այս, այս փաստերը․․․»։ Ինչպե՞ս պիտի արձագանքի «պարոն  այսինչյանը»։ Կամ պիտի հերքի ներկայացվող մեղադրանքը որոշակի հակափաստարկների օգնությամբ կամ պիտի ջանքեր գործադրի՝ բարձրաձայնվող հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ։ Այսինքն՝ քաղաքական հաղորդակցության շղթան ավարտվում  է կոնկրետ և ակնկալելի արդյունքով՝ գործունեության փաստարկված հիմնավորումով կամ հիմնախնդրի լուծումով։ Սա այն է, ինչին հաղորդակցության տեսության մեջ անվանում են գործնական հաղորդակցություն։ Ի տարբերություն աֆեկտիվ հաղորդակցության, որը հաղորդակցությունից դուրս որևէ նպատակ և լուծում չի ենթադրում, գործնական հաղորդակցության դեպքում նպատակն ու լուծումը դիտարկվում են որպես կարևոր չափումներ։ Ընդորում, լուծումը կոչված է բավարարելու հաղորդակցության բոլոր կողմերի ու ոչ թե միայն մի կողմի ակնկալիքները, ինչին ականատես ենք, օրինակ, վարկաբեկող պիտակումների պարագայում։ 

Նիկոլ Մարգարյան, մշակութային մարդաբան

Լուսանկարը՝ Արմենպրեսի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել