Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով 13 միլիոն 400 հազար եվրո վարկային միջոցներ կներգրավվեն ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու համար։
Ծրագրի նպատակն է գյուղական համայնքների համար շուկաների և ծառայությունների հասանելիության ապահովումը։
Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝
- Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
- Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում, որով նախատեսվում է ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն:
- Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։
comment.count (0)