Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը
 |factor.am|
16:30 - 26 հունվարի, 2023

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը |factor.am|

factor.am: Վճռաբեկ դատարանը երեկ՝ հունվարի 25-ին, բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրող դատական ակտերը։

2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանք առաջադրելուց հետո այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնող Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթների ընթացքում մեղադրանքի վերաբերյալ հայտարարություններ էր արել, որից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից:

Ի պատասխան Ալումյանի բողոքի՝ Դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը գրությամբ հայտնել էր, որ բողոքաբերի պահանջը դուրս է դատախազության լիազորություններից:

Պաշտպան Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով արձանագրել Քոչարյանի իրավունքների խախտման փաստն ու Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից։ Առաջին ատյանի դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել էր՝ ճանաչելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստը։

Դատախազ Վահե Դոլմազյանի և պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնել վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը։ Այս որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ։

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել:

Դատախազն ընդգծել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որևէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանի որ վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել, եթե անձամբ կատարեր նախաքննություն։

Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձևակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

Այս գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է եղել․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:

Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով իր կայացրած որոշմանը՝ նշել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել․

ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ,

բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել