Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

«48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա». Քոչարյանը՝ իմպիչմենտի գործընթացին միանալու մասին |civilnet.am|

«48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա». Քոչարյանը՝ իմպիչմենտի գործընթացին միանալու մասին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը որակել է «զրոյին ձգտող հավանականություն ունեցող» նախաձեռնություն։ «48 ժամվա երազանքի համար դեկորացիա չենք դառնա»,- ասել է նա մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։ Հասարակական-քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Արթուն ենք» շարժումը փորձում է ԱԺ-ում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և դրա համար ակնկալում է նաև «Հայաստան» խմբակցության աջակցությունը։ «Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովին հանձնվել են 107 պատգամավորի անունով նամակներ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնել են ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ Շարժման անդամները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը և խախտել կառավարության ծրագրի հիմքերը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ շարժման որոշ դերակատարներ չեն պատկերացնում գործընթացի քաղաքական հետևանքները։ «Քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում»,- ասել է նախկին նախագահը։ Քոչարյանի խոսքով՝ ինքը չի հանդիպել որևէ մեկին, որը այս գործընթացը իրատեսական համարի։ «Նույնիսկ նախաձեռնողները հաճախ հայտարարում են, թե՝ «փորձենք, եթե չստացվի, չստացվի»,- ասել է Քչարյանը։ Ըստ Քոչարյանի՝ ամբողջ գործընթացը նման է մեկ-երկու օրվա ուշադրության արժանանալու փորձի։ «Կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու՝ կյանքի երազանքն է։ Դու հայտնվում ես քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ ես տալիս, քեզ տաղավարներ են հրավիրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանն անդրադարձել է նաև շարժման պնդումներին՝ փողոցի ճնշման միջոցով փոփոխությունների հասնելու վերաբերյալ։ Նրա կարծիքով, եթե իշխանությունը փողոցում ճնշում է զգում, դա պետք է դրսևորվի հրաժարականով կամ հեղափոխությամբ, այլ ոչ թե սահմանադրական հղումներով: «Փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի, սա նշանակում է՝ կա՛մ հրաժարական, կա՛մ հեղափոխություն»,- ասել է երկրորդ նախագահը։ Նա նշել է, որ իր գլխավորած դաշինքը վարչապետի թեկնածու չունի, քանի որ չի տեսնում հեռանկար։ «Մեր ֆրակցիայից ութ հոգի կան, որ կարող են վարչապետ լինել իրենց անցած ճանապարհով, բայց ուղղակի մարդ չկա, որ պատրաստ է այդ 48 ժամվա համար նման քայլի գնալ»,- ասել է նախկին նախագահը։ Քոչարյանը նաև ակնարկել է, որ այս նախաձեռնության գլխավոր շարժիչ ուժը, իր համոզմամբ, ՀՀԿ-ն է, և իր հասցեին հնչող քննադատություններին ինքը վաղուց է սովոր։ «Ես թիրախավորվելու իմունիտետն ունեմ, շատ երկար տարիների փորձ։ Բայց դա մի առավելություն ունի՝ դու չես խոսում, քո մասին բոլորը խոսում են»,- ասել է Քոչարյանը։ Հայաստանի երկրորդ նախագահը կրկնել է, որ նման գործընթացին մասնակցելն իր համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Գյումրիի ավագանու վերջին ընտրություններն օրինակ բերելով, Քոչարյանը նշել է, որ իշխանափոխության կարելի է հասնել ընտրություններով։
13:42 - 19 մայիսի, 2025
Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան  |tert.am|

Իմ նախագահության ընթացքում ո՛չ Ելցինը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Լուկաշենկոն ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Քոչարյան |tert.am|

tert.am: Հայաստանը պետք է վերականգնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ռազմավարական գործընկերություն կնքի Իրանի հետ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և ներառել իրանական գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը՝ դրանք վերածելով եռակողմ ձևաչափի: Անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության անդամ։ «Իմ նախագահության ընթացքում ո՛չ նախագահ Ելցինը, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ նախագահ Լուկաշենկոն երբեք չեն դիմել ինձ այս հարցով։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ նախապայմաններ կլինեին, եթե մենք դիմեինք նրանց այս հարցով, նշել է Քոչարյանը:
12:07 - 19 մայիսի, 2025
Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հարցին՝ 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն  ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Չեմ կարծում բայց, որ ընտրությունների միասին կարող ենք գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում: Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիաներ ունեցող ուժերը կարող են կոալիցիա կազմել, միասին գնալ ընտրությունների»: Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով: «Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասաց նա:
11:51 - 19 մայիսի, 2025
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:   Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին:  Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է:  «Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը:  Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:   Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:  
12:18 - 16 մայիսի, 2025
22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից |armenpress.am|

22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:  Վարդապետյանն այս մասին ներկայացրեց ԱԺ–ում՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի:  «Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,–ասաց Վարդապետյանը:   Սա դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակացված անձանց մասով:
11:28 - 12 մայիսի, 2025
Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով
 |civilnet.am|

Առևտրից մինչև ռուս խաղաղապահներ. Քոչարյանի պնդումների հետքերով |civilnet.am|

civilnet.am: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպմանը մի շարք պնդումներ է արել Հայաստանի արտաքին առևտրի, 44-օրյա պատերազմի և Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, թե ներկայում Հայաստանի արտաքին առևտրի 60%-ը Ռուսաստանի հետ է, մինչդեռ իր կառավարման տարիներին այն կազմել է ընդամենը 25%: Բացի այդ, նախկին նախագահը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները «վատ չէին անում իրենց ֆունկցիաները», մինչև Փաշինյանի՝ Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելը։ Հայաստանի առևտրաշրջանառությունը․ ինչ են ասում թվերըՌոբերտ Քոչարյանը նշել է․ «Ձեր առևտրի 60%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22-24%-ն էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%»։ Թեև այս պնդումն ընդհանուր առմամբ մոտ է իրականությանը, սակայն նշված թվերը ճշգրիտ չեն։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը տատանվել է 11%-ից մինչև 21%։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կազմել է 28-38%՝ ավելի բարձր Քոչարյանի նշած 22-24%-ից։ Ինչ վերաբերում է ներկայիս ցուցանիշներին, ապա 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 41.1%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 35.1%։ Այս թվերը բարձր են նախկին տարիների համեմատ, սակայն դեռևս չեն հասնում Քոչարյանի նշած 60%-ին։ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության մասով Քոչարյանի պնդումը ներկա իրավիճակի վերաբերյալ ավելի մոտ է իրականությանը. 2024-ին այն կազմել է 7.7%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 10.7%։Հայաստանի առևտուրը ՌԴ-ի և ԵՄ-ի հետ  Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան վերջին երկու տասնամյակների ընթացքում ցույց է տալիս, որ Ռուսաստանի դերը նշանակալիորեն աճել է 2013 թվականից՝ ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո։ Սակայն ՌԴ-ի մասնաբաժինը է՛լ ավելի է աճել 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:40 - 03 մայիսի, 2025
Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել․ Նիկոլ Փաշինյան

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ սրա վերաբերյալ մի քանի ժամվա ընթացքում երեք գրառում է կատարել.  «Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»։ Հաջորդ գրառման մեջ նշել է. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին:  Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»։ Երրորդ գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես»: Այսպես Նիկոլ Փաշինյանը  արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցության անդամների միջև մոտ մեկ շաբաթ ընթացող հեռակա բանավեճին:  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վերջերս հայտարարել էր, որ ՀՀԿ շրջանակներում Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը սկսվել է դեռ 2008թ.՝ բացատրելով, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականը նույնիսկ զրույցում խոստովանել է, որ երկար տարիներ հովանավորել է Նիկոլ Փաշինյանին, որը «Հայկական ժամանակ» թերթի միջոցով ապատեղեկատվություն է տարածել երկրորդ նախագահի և նրա ընտանիքի մասին։ Բացի այդ՝ նրա խոսքով Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն ունի այն հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին, ով է նրան իշխանություն տվել։ «Հանրապետական» կուսակցության անդամները տարբեր հայտարարություններով հերքել են այս պնդումները: Հայկ Մամիջանյանը նաև նշել է, որ «Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մեջ կան մարդիկ, որոնք 7 տարի շարունակ տիրաժավորել են ստեր, որը ձեռնատու է Նիկոլ Փաշինյանին»՝ միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև խզում չկա:
10:15 - 10 մարտի, 2025
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև հնարավոր տարաձայնությունների հարցին |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, որ իրենց և ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա:  Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հնարավոր տարաձայնությունների, խզման վերաբերյալ հարցին:  «Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա, բացարձակ չկա»,–ասաց Մամիջանյանը:  Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ոմանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը տիրաժավորելու մեջ:   «Եվ պարզվեց, որ դա նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց նա:   
12:48 - 06 մարտի, 2025
Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը․ Քոչարյան

Ամենից կոշտ բանակցողը Ղարաբաղի հարցում եղել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ․։ Կոշտությունն այնպիսին էր, որ բանակցություններն անիմաստ են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  «Ինքը ոչ թե մտնում էր բանակցությունների մեջ, ինքը ասում էր՝ էս ինչ եք բերել, էս ինչ եք քննարկում։ Ավելի կոշտ չի եղել։ Ես երբեք որեւէ բանակցային գործընթացից չեմ հրաժարվել, ես չեմ վախեցել, որ կարող է մի փաստաթուղթ բերեմ, որին ես էդ այկիդոն (ճապոնական մարտարվեստ, որտեղ կան կտրուկ հնարքներ,-խմբ․) չկարողանամ անել, այկիդո ասած՝ լավ իմաստով։ Բանակցությունները ենթադրում են դիվանագիտություն»։  Նա նշեց՝ օրինակ, «Ընդհանուր պետության» գաղափարն իսկապես հետաքրքիր գաղափար էր․ «Այդ գաղափարն ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ամուսնություն էր, ինչից մենք անընդհատ ուզում էինք պոկվել, որովհետեւ համարում էինք, որ Ղարաբաղի Հանրապետությունն ունի անխոցելի իրավական հիմքեր»։  Քոչարյանի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը կապվել է, ասել՝ միտք կա՝ «Ընդհանուր պետության» գաղափարը․  «Այն ավելի մոտ է «Դեյտոնյան համաձայնագրին» (Բոսնիայում եւ Հերցեգովինայում պատերազմի ավարտի համաձայնագիրը,-հեղ․), նաեւ Ռուսաստանին դա ձեռք էր տալիս, որովհետեւ ուզում էին նման մոդել կիրառել Վրաստանում Աբխազիայի եւ Օսեթիայի հարցում, հիմա ես կարայի հետը մտնեի բանավեճերի մեջ, ասեի՝ պրինցիպիալ չեմ քննարկում, չեմ ուզում, փչացնեի հարաբերությունները։ Ես իրեն ծանոթանալուց հետո ասել եմ՝ պայմանավորվենք՝ ես քեզ ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, առաջարկը հետաքրքիր է, բայց ոչ այո եմ ասում, ոչ՝ ոչ, բայց ես քեզ 100 տոկոսով ասում եմ՝ Հ․ Ալիեւն այս մոդելը չի ընդունելու, որովհետեւ այդ մոդելը 7,5-միլիոնանոց Ադրբեջանի հետ ինքը չի ընդունելու։ Ինքն ասաց՝ ես լավ ծանոթ եմ, համոզված եմ, որ համոզելու եմ Հ․ Ալիեւին։ Ասացի՝ եկեք պայմանավորվենք, որ էս բանակցային գործընթացում ես ամենից դժվար կողմը չեմ լինելու քեզ համար, բայց հիմա չմտնենք վիճաբանության մեջ, եթե Ալիեւին համոզես, մենք կոնստրուկտիվ կքննարկենք, ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ։ Գնացին Բաքու, Հ․ Ալիեւը կտրուկ էն գլխից մերժեք այդ տարբերակը, հետո խորհրդարանում ասաց՝ ամենից վատ տարբերակն է, որը երբեւիցե կարող էինք ստանալ։ Հետո Ադրբեջանից եկել է այստեղ, չենք քննարկել այդ հարցը, որովհետեւ հարցը փակված էր մի կողմից կտրուկ մերժումով։ Ես եղել եմ այն կողմը, որը բարիդրացիական վերաբերմունք էր դրսեւորել այդ հարցի վերաբերյալ։ Հիմա սա դիվանագիտություն է, թե ոչ»։ Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի մասին հարցին․ «Ինչ կարելի է անել Ղարաբաղի հարցում․ չափազանց ծանր վիճակ է, այսօր անիմաստ է քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարց, այսօր միայն կա փոքր հավանականություն՝ քննարկել ղարաբաղցիների վերադարձի հարց։ Ռեալիզմը սա է։ Հավանականությունը փոքր է, բայց պետք է փորձել, փորձելու համար հմտություններ եւ ցանկցություն է պետք։ Մեր (նկատի ունի ներկա կառավարող ուժին,-խմբ․) մոտ երկուսն էլ չկա»։ Նա նշեց՝ Արցախը բանակցային գործընթացից դուրս չի մնացել։  «Մեկ օրինակ բերեք իմ ժամանակաշրջանի, երբ համանախագահողները եկել են տարածաշրջան եւ չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ ՄԽ շրջանակներում բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ, իմ եւ Ալիեւի բանակցային գործընթացը եղել է այդ գործընթացին զուգահեռ մի պրոցես, որն ավարտվել է Քի Վեսթով։ Եթե չլիներ Քի Վեսթը, որտեղ Ադրբեջանը համաձայնում էր, չէր լինի Մադրիդյան սկզբունքները, որոնք ուղղակի ֆիքսում էին Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, եւ ֆիքսվում էր ոչ թե տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման ամուսնությամբ, այլ հնարավորություն կար ամբողջական ինքնորոշման ճանապարհով ունենալ Արցախի Հանրապետություն»։
14:32 - 17 փետրվարի, 2025
Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Ենթադրում եմ՝ ընտրությունների հետ կապված ամենից մեծ դրոշն է լինելու իշխանության համար․ Քոչարյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին

Այն հանգամանքը, որ Սյունիքում մենք ավելի մեծ պրոբլեմներ չենք ունեցել, կապված է Իրանի դիրքորոշման հետ։ Արտաքին քաղաքականությանն անդրադառնալով՝ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե Իրանի դիրքորոշումը չլիներ, Ալիեւը խանգարող բան չէր ունենա։ Եւ Հայաստանի իշխանությունը կասեն՝ դե ինչ անենք, հո չե՞նք կռվելու էն սարերի համար․․․։ Պատերազմի վախն իսկապես մեծ է։ Կարո՞ղ է այս վերաբերմունքն իսկապես փոխվել, այո, կարող է», - նշեց Քոչարյանը։  Նա անդրադարձավ նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նածագծին, նա նշեց․ «ԵՄ-ի հետ կապված․ ակնհայտ է մեկ բան․ այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է, եւ այդ ճգնաժամն ունի մի քանի կոմպոնենտ․ առաջնորդության ճգնաժամ, սա ակնհայտ է երեւում, իմաստային ճգնաժամ եւ տնտեսական ճգնաժամ։ Ամենից լավ հասկանալու համար դա, լսեք Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի ելույթը Մյունխենի կոնֆերանսում։ Մի հատ լսեք ԱՄՆ-ի փոխնախագահի ելույթը, փայլուն ելույթ էր։ Եւ դահլիճում այն սառած դեմքերը, որոնց թվում, թե՝ էս ինչ ա ասում։ Իսկապես կա ճգնաժամ ԵՄ-ում։ ԵՄ-ն, իմ կարծիքով, չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկել ինքն իրեն, եւ առաջին հերթին ինչ է անելու դրա համար, բոլոր գործընթացները ԵՄ-ին միանալու, սառեցնելու է, չեմ կասկածում, կարող է արդեն հասունացած մի երկու հարց որոշեն, բայց մնացածը սառեցնելու է։ Վենսը (ԱՄՆ փոխնախագահը,-խմբ․) հետաքրքիր թվեր բերեց, ես այլ թվեր բերեմ․ օրինակ Շվեդիայում 20 տարի առաջ բնակչության ընդամենը 2 տոկոսն էր ոչ Շվեդիայում ծնված, հիմա 20 տոկոսն է, Շվեդիան ամենից հաջողված երկրներից մեկն է ԵՄ-ի, պրոբլեմ է, իհարկե պրոբլեմ է, արդեն այն քանակն է, որ չես կարում մարսել քո արժեքային համակարգի մեջ, որովհետեւ քո արժեքային համակարգն է փոխվում»։ «Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես, դու գնում ես մի տեղ, որը բավական պրոբլեմային է արդեն ինքն իրենով, եւ այդ պրոբլեմային լինելն ընդունում է նաեւ Միացյալ Նահանգները, եւ դու դրանով շեշտակի փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ կաս։ Ստեղից, ասում ես, ես գնում եմ՝ կորցնելով այն, ինչ ստեղ ունես, այնտեղ մտնելու հեռանկար ուղղակի չկա, զորայական։ Հիմա սա խելքին մոտ բան է՞։ Բայց անում ենք, եւ ինչի ենք անում»։ Քոչարյանի խոսքով՝ ԵՄ-ի ընկալումը Հայաստանում չափազանց դրական է․  «Նույնիսկ եվրոռեմոնտ բառ կա, չէ՞, ընկալվում է լավ ռեմոնտ։ Ընկալումն այդպիսին է, սենց մի բանբաներկա է սիրուն փաթաթած, եւ այդ մարդկանց, 600 հազար վարչապետներին ասելու են՝ սա է, վաղը մյուս օր ընդեղ ենք լինելու, այ դու այսպես ես ապրելու։ Ըստ էության մարդկանց հերթական անգամ խաբելու բանաձեւ է գտնվում, ենթադրում եմ նաեւ ընտրությունների հետ կապված սա ամենից մեծ դրոշն է լինելոի իշխանության համար, հիմա իրար հետ մրցելու են, թե ով է ավելի եվրոպամետ, ՔՊ-ն, թե՞ մյուս կուսակցույթունը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր, կարող ա իրար հետ այդ դրոշը բռնեն, չգիտեմ, բայց դա մի դրոշ է, որը տեղ չի տանում։ Ուրիշ նպատակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ այդ աստիճանի չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հետեւանքները շատ ծանր են լինելու անկասկած [մեր երկրի համար]։ Երկու աթոռի վրա չես կարող նստել, էդ երկու աթոռն իրարից շատ հեռու են, չես կարող նստել։ Շատ կներեք, կամ քամակդ պիտի 3-մետրանոց լինի, որ էդ երկու աթոռի վրա նստես, էդ էլ չունես»։
14:04 - 17 փետրվարի, 2025
Պատերազմը զսպող որևէ մեխանիզմ չկա, դա խաղաղության խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառվում է մեր հանրությանը որպես խաչմերուկ. Քոչարյան |aysor.am|

Պատերազմը զսպող որևէ մեխանիզմ չկա, դա խաղաղության խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառվում է մեր հանրությանը որպես խաչմերուկ. Քոչարյան |aysor.am|

aysor.am: Տեսականորեն, իհարկե, կարող ենք հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, խաղաղություն չէ. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկած Խաղաղության խաչմերուկ փաստաթուղթը կյանքի կոչելու հնարավորություններին։  «Ամենից մեծ խնդիրներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերը երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավոր չի լինելու։ Ընդհանրապես որևէ թուղթ չի զսպելու որևէ պատերազմ»,-ասաց նա։   Ըստ Քոչարյանի՝ պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր և պետք են երաշխավորներ։ «Հատկապես այսօր մենք հավասար պայմաններում չենք. ամենից լավ երաշխավորը՝ եթե դու ունես այնպիսի բանակ և այնպիսի հնարավորություններ, որ ինքն արդեն երաշխավորում է գոնե մի զգալի մասով խաղաղությունը։ Պատերազմները շատ դեպքում ինչու չեն սկսում, որովեհտև հետևանքները սկսողի համար կարող են լինել ծանր։ Հիմա կայուն խաղաղության համար որևիցե գործոն այս պրոցեսում չեմ տեսնում»,-ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ այս վարչախմբին, այո, մի թուղթ է պետք թմբկահարելու համար, որ  խաղաղություն են բերել և կապ չունի՝ ինչ խաղաղություն, կարևորը բառը  լինի՝ առանց բովանդակության։ Ըստ նրա, այսօր հանրության զգալի մասը միայն վերնագրերով է դատում, իսկ հաճախ վերնագրերը կապ չեն ունենում հոդվածի հետ, բայց կանխորոշում են մարդկանց տրամադրվածությունը։ «Փաշինյանը փայլուն է հասկանում՝ իր մասնագիտությունը դա է, նրա մասնագիտությունը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ, որովհետև բոլորը ձախողվել է, բայց մուդլներ է ցույց տալիս, խաչմերուկ... դա խաչմերուկ չէ, դա տուպիկ է և վաճառում է մեր հանրությանը որպես խաչմերուկ»,-ասաց նա։ ՀՀ երկորդ նախագահը նշեց, որ, ըստ էության, հնարավոր է, որ նման մի թուղթ լինի, բայց ոչ հարատև խաղաղության երաշխիքով. «Որովհետև չկա որևէ զսպող մեխանիզմ»։
13:28 - 17 փետրվարի, 2025
Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

Քոչարյանը հերքում է, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերի այն դրվագին, որտեղ հիշատակվում է, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին ակտիվ քննարկումներ է ունեցել Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման միջոցով ԼՂ հարցը լուծելու վերաբերյալ, մասնավորապես Մեղրի դիմաց Ղարաբաղը ստանալու։ «Դիվանագիտակա՞ն հնարք է եղել, այսինքն՝ ցույց եք տվել, որ իսկապես պատրաստ եք Մեղրին տալ և Արցախը պահել, թե՞ իսկապես սկզբունքային համաձայնություն տվել եք տարածքների փոխանակման միջոցով հարցը լուծել»։ Քոչարյանը մինչ հարցին պատասխանելը ինքը հարց ուղղեց «Ազատության» լրագրողին․ «Դուք իմ գրքի այդ հատվածը կարդացե՞լ եք, թե՞ ոչ, Դուք որևէ հակասություն գտե՞լ եք իմ գրածի և այդ հրապարակումների մեջ»։ Լրագրողը դրական պատասխանեց հարցին՝ ասելով, որ Քոչարյանի գրքում չկա գրված, որ բավականին ակտիվ քննարկվել է տարածքների փոխանակման հարց և դրանում ներգրավված են տարբեր երկրների դերակատարներ։ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Համոզված եմ, որ ստեղ գիրք կա, ուզո՞ւմ եք բերեմ, ընթերցենք՝ դա կա՞, թե՞ չկա, ֆաքթ չեքինգ․․․։ Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99թ․ հետևյալ բովանդակությունն ուներ․ համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ, բոլոր առաջարկները։ Լ․ Տեր-Պետրոսյանի ժամանակ 2 այդպիսի առաջարկ է եղել, «Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձել է եղել ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, իրարից անջատվենք, և այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, առաջին հերթին, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողքին։ Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիևը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն այս կաղապարված վիճակից մենք դուրս ենք գալու, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։  Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց ինքն առաջին օրից չի կասկածել, որ այդ քննարկումները հնարավոր է լինելու բերել մեզ համար ընդունելի տարբերակին։ Իսկ այդ համոզմունքը հիմնված է եղել նրա վրա, որ Ալիևն ամեն դեպքում ստանալու բան ուներ՝ վեց շրջան։ «Թալբոթը (ԱՄՆ այդ ժամանակվա փոխպետքարտուղարը՝ խմբ․) չի եկել որևէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որևէ առաջարկ Միացյալ Նահանգների կողմից չի եղել, ըդնահնարապես ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր․ առաջարկները տալիս էին ՄԽ անունից, և երբ բերում էին առաջարակ, սովորաբար գալիս էին եռահամանախագահողները։ Ինչ է կատարվել մինչ այդ․ Ալիևն ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին, և Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան՝ հասկանալու համար իսկապես դա այդպես է, թե չէ, և Ալիևի ընկալումները, մեր ընկալումները այդ բանակցություններից նույնն են, թե նույնը չեն։ Չի եղել առաջարկ, մեր սեղանին առաջարկ չի դրվել, որ մենք ասենք՝ այո, սա ընդունում ենք, կամ չենք ընդունում, չի եղել»։ Ըստ Քոչարյանի՝ այդ ամբողջ գործընթացում, որ տևել է 2 տարի, ՄԽ համանախագահների կողմից միակ առաջարկը եղել է Քի Վեսթում․ «Եթե դուք ևս մեկ անգամ կարդաք մի գրքի այդ հատվածը, կտեսնեք, որ էդպես է եղել, այո, Ալիևն առաջարկում էր սա, ես առաջարկում էի այլ տարբերակներ, բայց ինձ համար շատ կարևոր է, որ Ալիևը իր այդ մոտեցման մասին մասին ինքը պատմի համանախագահողներին, որ թեման ինքը բացի։ Ես միշտ չէի հավատում, որ ինքը դա քննարկում էի, մտածում էի՝ վաղը հետ է քաշվելու։ Նույնիսկ այդ հանդիպման ժամանակ ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, ես շատ զգուշավոր այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»։ Քոչարյանը պնդեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ հանդիպել է նաև Ստամբուլում, բայց այդ թեմայի շուրջ ընդհանրապես չեն խոսել։ Նա ասաց, որ ինքը ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարում է ունեցել այդ հարցում․ «Չի եղել, Թուրքիան որևէ կերպ չի երևացել, 2 անգամ հանդիպել եմ Դեմիրելի հետ, ընդհանրապես թեման չի քննարկվել»։ Քոչարյանը գաղտնազերծված փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան դերակատարում է ունեցել Մեղրիի շուրջ բանակցությունների հարցում։ Անդրադառնալով փաստաթղթերում ներառված այն հատվածին, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր մանրամասներին, թե ինչ է բանակցվում, Քոչարյանը ժխտեց՝ ասելով, որ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից․ «Վ․ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում, որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի։ Հիմա Թալբոթը պատմում է Դեմիրելի․․․ Ես ձզե ասում եմ՝ Վ․ Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից բոլոր մանրամասնություններով, եւ ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկայից մինչեւ վերջին վայրկյանը։ Հիմա ես չգիտեմ՝ ինքը Դեմիրելին ինչ է ասել, ինչ չի ասել, դա իր ընկալումն էր, թե չէր, որովհետեւ, կրկնում եմ, մենք Թալբոթի հետ տարբերակ չենք քննարկել»։
13:02 - 17 փետրվարի, 2025
«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

«Ինչ հեղաշրջման մասին է խոսքը»․ Քոչարյանի խոսքով Փաշինյանը տեղյակ է եղել՝ ինչ է կատարվել Արցախում շրջափակման վերջին օրերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի 7րջափակման օրերին մշտական կապի մեջ է եղել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:  Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Հարությունյանը սկսել է քննարկել մոտ 3 ամիս առաջ մինչև Ղարաբաղի անկումը:  «Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի։ Եվ ամեն անգամ հավաքվում էին, քննարկում էին կազմակերպում, հիմնավորումը հետևյալն էր՝ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, պրոբլեմ կա, իմ հրաժարականը ճիշտ է»,- պատմեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ Բակո Սահակյանը և այլք համոզում էին Հարությունյանին դա չանել․ «Վերջին անգամ ինքը արդեն հավաքել և հայտարարել էր, որ մեկ ա, ինքը դա անելու է, ու սա քննարկման հարց չի և առաջարկում էր ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանություն ստանձնել Ղարաբաղում»։ Քոչարյանի խոսքով Արայիկ Հարությունյանն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը, և Սամվել Շահրամանյանը միակը չէր․ «Առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ էր խոսում, համոզում»։ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում ընդգծեց՝ ինչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, երբ Ղարաբաղից իրեն ասել են, որ Արայիկ Հարությունյանն այս ամենի մասին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանին, և վերջինս շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում:  «Ինձ ասում են՝ ինչու եմ շնորհավորել Սամվել Շահրամանյանին։ Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցություն ցուցաբերեմ, միգուցե դա օգնի ավելի ինքնավստահ այդ ֆունկցիան կատարել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ «այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»։
12:18 - 17 փետրվարի, 2025
Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|

Ակնհայտ է, որ ստապետությունն ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել». որոշեցի վարչապետին իր ընտրազանգվածի հետ մենակ թողնել. Քոչարյան |aysor.am|

aysor.am: Մամուլում հաճախ կարծիք էր արտահայտվում, որ իմ ակտիվությունը, մամուլի ասուլիսները, «իմ գոյությունը» խանգարում է ինչ-որ մարդկանց կայանալ քաղաքական դաշտում, ես համաձայն չէի այդ թեզի հետ, սակայն համաձայնեցի մարդկանց հնարավորություն տալ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Բայց ի՞նչ եղավ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավականին հաճախ խոսում և հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ցանկանում էին, որ ես չխոսեմ։ Ունենք այն, ինչ ունենք և այսօր, չնայած իմ բոլոր ջանքերին, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին։ Սա էր առաջին պատճառը, որ պասիվություն էի դրսևորում։ Իսկ երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ  վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի միգուցե օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչու է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչու են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչու է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչու է աղքատությունը իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,- նշեց նախկին նախագահը։ Քոչարյանի խոսքով՝ հնարավորությունը տվել են իրենք և կարծում են, որ դա ինչ-որ տեղ աշխատել է. «Ակնհայտ է, որ ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է «յուղ վառել»։ Ստապետությունն իմ բառը չէ, ձեզնից մեկն է այդ բառը բավականին ակտիվ կիրառել վերջերս»։ Երկրորդ նախագահը պարզաբանեց, թե ինչու է որոշել հիմա մամուլի ասուլիսով հանդես գալ.«Աշխարհում բավականին շատ բաներ են փոխվում, հետաքրքիր ու ճակատագրական զարգացումներ են տեղի ունենում։ Նախագահ Թրամփն ուղղակի ապամոնտաժում է նեոլիբերալ աշխարհակարգը և այն գաղափարախոսությունը, որով դա առաջ էր մղվում աշխարհով մեկ։ Սա, իսկապես, մեծ փոփոխություն է իր հետ բերելու, եթե լինեն հետևողական, եթե այն, ինչ հայտարարում են, անեն։ Դրա հետ կապված մտել ենք մի ժամանակահատված, որն, անկասկած, անկայունության բաղադրիչ է ունենալու, բայց՝ պոզիտիվ սպասելիքներով»։
11:47 - 17 փետրվարի, 2025
Գաղտնազերծված փաստաթղթերը Մեղրիի շահարկման նարատիվը ջախջախում են. Օսկանյան
 |civilnet.am|

Գաղտնազերծված փաստաթղթերը Մեղրիի շահարկման նարատիվը ջախջախում են. Օսկանյան |civilnet.am|

civilnet.am: Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են. հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում դրված տեսանյութում: Անցյալ ամիս «Ազատությունը» ֆիլմ էր պատրաստել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման ծրագրի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։ Օսկանյանը նշել է, թե այդ հարցը շահարկողներն անընդհատ պնդել են, որ Ղարաբաղը Մեղրիով փոխանակելու հարցը եղել է Քոչարյանի առաջարկը հայր Ալիևին։ Ըստ Օսկանյանի՝ հրապարակված փաստաթղթերը ուղղակի ապացուցում են, որ 1999-ին այդ առաջարկը եղել է Ալիևի կողմից, և դրա վկաներից եմ եղել ես։ Օսկանյանը զգուշացնում է Հայաստանին սպառնացող վտանգների մասին. «Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ՝ առնվազն անկլավների տեսքով, Հայաստանի սահմանները փոփոխվելու են։ Սահմանադրությունը փոփոխվելու է՝ թուրքական կողմի պահանջով։ Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են, միջազգային դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են քաշվելու, 300 հազար ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին»։ Անդրադառնալով վերջին վտանգին՝ նա նշում է, որ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը այդ մարդկանց կողմից Մեղրիի հարցի շահարկման նարատիվը ջախջախում են, քանի որ, ըստ նրա, դրանք վկայում են, որ առաջարկը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի կողմից։ «Երբ Քոչարյանը Ժնևում բանակցություններին ներկա գտնվող ինձ և Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք այս պատմության ամենակարևոր փաստը, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից։ Դա էր հիմնական մեսիջը։ Մենք գիտեինք, որ Մեղրի չենք տալու, բայց կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից։ Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1,5 տարի բանակցելու արդյունքում Քի Վեսթում։ Այնտեղ Մինսկի խմբի փաստաթղթով արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով վերգետնյա էստակադայով կապ էր ունենալու Նախիջևանի հետ։ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք թեկուզև բանավոր նրա առաջարկությունը, ինչպես Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018-ին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումն էր, և սկսեց իր զրոյական կետից»,- նշել է Օսկանյանը։ Նա ասել է, թե ժամանակն է, որ «Մեղրիի թեման շահարկողներն առնվազն լռեն, քանի որ դա անելով՝ մեր գլխին կախված Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել ռեալ են դարձնում»։ «Դիվանագիտությունից ու արտաքին քաղաքականությունից չհասկացողներին փորձեմ բացատրել։ Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են Հայաստանի բանակցային դիրքերը, Ադրբեջանին որևէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում։ Ադրբեջանը պատրաստ է եղել Արցախը փոխանակել Նախիջևանի հետ կապով, Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին, և Ադրբեջանը բանակցային խաղաքարտ չունի՝ միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու։ Խնդիրը ու Հայաստանի վրա կախված վտանգը, սակայն, այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող, Հայաստանը միջազգային հարթակում զրոյական գործոն դարձրած Փաշինյանը չի կարողանա նույնիսկ սա ձևակերպել և բանակցել։ Հասկանո՞ւմ եք իրավիճակի աբսուրդը և վտանգը։ Մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ նաև Սյունիքից մի հատված»,- ասել է Օսկանյանը։
12:34 - 10 փետրվարի, 2025
Հրապարակեք փաստաթղթերը. Քոչարյանի գրասենյակը՝ Մեղրիի տարբերակի և «գաղտնազերծման» մասին
 |arm.sputniknews.ru|

Հրապարակեք փաստաթղթերը. Քոչարյանի գրասենյակը՝ Մեղրիի տարբերակի և «գաղտնազերծման» մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Մեղրիի փոխանակման տարբերակի» մասին, որը շրջանառվում էր 90-ականների վերջին և իբր քննարկվում էր Քոչարյանի կողմից պետության ղեկավար եղած ժամանակ։ ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա պատրաստված հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին՝ հանձնվում Ադրբեջանին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց, որ նշված ռադիոկայանի ռեպորտաժում որևէ սենսացիա չկա, դա միջին մակարդակի քարոզչական նյութ է։ Միկոյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։ Փոխարենը նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Եթե 1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Նա ընդգծեց՝ այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Ըստ Միկոյանի՝ այդ ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։ «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»,– հայտնեց Միկոյանը։ Նա վստահ է՝ այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։ Քոչարյանի ներկայացուցիչը նաև առաջարկեց հրապարակել հակամարտության կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված բոլոր պաշտոնական պատասխանները։
17:50 - 31 հունվարի, 2025