Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ |news.am|
10:23 - 08 փետրվարի, 2023

Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, և Բաքուն և Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը։

«ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ առաջին եռակողմում արդեն հստակորեն ամրագրված են մեր խաղաղապահների գործունեության եղանակները։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,- ասել է Իլյիչևը։

Նրա խոսքով, պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում, ինչը առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր․ «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում կազմակերպի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուղարկելու հարց բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադրություննները, որի հետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել