Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան
11:41 - 29 դեկտեմբերի, 2022

Մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ նշեց, որ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է ԼՂ-ին լրացուցիչ 4 միլիարդ դրամի աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նրա խոսքով՝ ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։

«Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա։ Գործընկեր պետությունները, միջզագային կազմակերպությունները պիտի մանրամասնորեն տեղյակ լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է․ «Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանոգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը»։

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին է և իրականության հետ որևէ կապ չունի․ «Լաչինի միջանցքը փակվել Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է։ Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկություն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։ Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»

Փաշինյանը հարցեր հնչեցրեց, մասնավորապես, թե որն է իրադրության ՌԴ գնահատականը, որն է Լաչինի միջանցքով երթևեկությունը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը․ «Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ ու ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը հիշեցնեմ՝ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում կազմակերպի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուղարկելու հարց բարձրացնի։ Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադրություննները, որի հետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»։

Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվում ԼՂ-ում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։

«ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կագրավորումների հասնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել