Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին
14:47 - 20 մարտի, 2023

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։

Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։ 

Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։

Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։

Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում

Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։

Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։

Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։

Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։

Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։ 

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։

Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։

Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։ 

Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․ 

«Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։ 

Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։

Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։

Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։

Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։

Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։

Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։

Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․ 

«Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։

Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։

Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։

Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։

Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։

Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։ 

Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։

Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։

Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։ 

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել