Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև
17:47 - 07 ապրիլի, 2023

Համաձայնագիր Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև

Ապրիլի 6-ին Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի. և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս Ռոման Խուդոլիի, ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությունը, փոխադարձ կամքն ու ձգտումը։

Հուշագիրը ամրագրում է երկուստեք համագործակցության ուղղությունները․ մասնավորապես տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

Հուշագրի շրջանակներում կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես նաև հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ քննարկել և մշակել համատեղ նախագծերի իրականացումը:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բոլոր կապանցիներին և ԶՊՄԿ-ի կոլեկտիվին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է.

«Այսօր առաջին անգամ պաշտոնապես արձանագրում ենք Կապանի համայնքապետարանի և ԶՊՄԿ-ի միջև համագործակցությունը հուշագրի տեսքով։ Այն հիրավի կարևոր իրադարձություն է և ամրագրվելու է մեր պատմության էջերում։ Սրանով հիմք ենք դնելու ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության։ Մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ շրջանակում կոմբինատի գործուն քայլերը։ Երախտագիտությունս եմ հայտնում պարոն Խուդոլիին իր կառուցողական մոտեցման համար, ինպես նաև այն ծրագրերի համար, որոնք իրականացվել և իրականացվում են Կապան համայնքում»։

Հուշագրի ստորագրման առիթով Ռոման Խուդոլին ասել է. «Այսօր ստորագրեցինք համայնքի և կոմբինատի միջև փոխհամագործակցության կարևոր հուշագիր։ Դա բնավ չի նշանակում, որ մենք ինչ որ բարեգործություն ենք անում, մենք աշխատում ենք երկկողմանի։ Այն ընդերքը, որ կա, դա նախ և առաջ Հայաստանի ժողովրդի բարօրության համար է։ Մենք հարկեր ենք վճարում, դա մեր պարտականությունն է, բայց նաև մեր պարտականությունն է սոցիալական պարտավորություններ կատարելը։ Եթե մենք գտնվում ենք այս տարածքում, պարտավոր ենք օգնել համայնքին իր ծրագրերի իրականցման գործում։ Ուստի, ուզում եմ ասել, որ այն նշաձողը, որ սահմանել ենք, դրանք ցուցանիշներ են, որ տարեցտարի պետք է ավելանան։ Ուստի ես շատ երախտապարտ եմ համայնքի ղեկավարին՝ իր գործուն քայլերի համար, որոնք տեսանելի են բոլորին»։

Հուշագիրը գործում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարի հաստատված՝ ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։

Ստորագրման բուն արարողությունից հետո համայնքի ղեկավարի ուղեկցությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:

Շրջայց է իրականացվել նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու և Կապանի բիզնես կենտրոնի տարածքներում, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել