Երեւան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին
 |hetq.am|
18:33 - 16 ապրիլի, 2025

Երեւան-Կապան թռիչքների օպերատոր ավիաընկերությունը վաճառվել է ԶՊՄԿ-ին |hetq.am|

hetq.am: «ՆովԷյր» ավիաընկերությունը, որն առավել հայտնի է Երեւան-Կապան-Երեւան չվերթի կատարմամբ, մեկ ամիս առաջ վաճառվել է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ), ավելի կոնկրետ՝ դրա բարեգործական հիմնադրամին:

Նկատենք, որ այս հիմնադրամին է պատկանում նաեւ այն միակ օդանավը՝ չեխական արտադրության L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար եւ ապահովում է Երեւանի ու Կապանի օդային կապը: Հիշեցնենք, որ 2015 թ. արտադրված ինքնաթիռը Հայաստան է տեղափոխվել 2018-ին հենց արտադրող ընկերությունից, իսկ օդանավերի հայկական ռեգիստրում գրանցվել է 2019-ին: L-410-ը ձեռք էր բերել ԶՊՄԿ-ն, որը նաեւ ֆինանսավորել է Կապանի օդանավակայանի վերակառուցումը: Այդուհանդերձ, ի սկզբանե ինքնաթիռի սեփականատեր էր նշվել ԶՊՄԿ-ին փոխկապակցված «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» երեւանյան ՍՊԸ-ն, սակայն շատ չանցած սեփականատեր գրանցվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Այս հիմնադրամը նաեւ Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է (մնացած 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին, որը պետական կազմակերպություն է):

Այսպիսով՝ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը ոչ միայն Կապանի «Սյունիք» օդանավայայանի կոնցեսիոներ ընկերությունում մասնակցություն ունի, այլեւ Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն իրականացնող օդանավի սեփանակատերն է, վերջերս էլ դարձել է ինքնաթիռը շահագործող ավիաընկերության սեփականատերը:   

Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը «ՆովԷյրը» վաճառել է ԶՊՄԿ-ին

Համո Սահյանի անունը ստացած եւ EK-4117 գրանցումը կրող L-410 օդանավի առաջին (2019-2020 թթ.) շահագործողն «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» (Atlantis Armenian Airlines) ավիաընկերությունն էր, որն ընդգրկված էր «Ատլանտիս» խմբի մեջ: Խմբում ներառված ընկերությունների փաստացի տերը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում Քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանն է: 2020-ի աշնանը Մարությանն Atlantis Armenian Airlines-ը օտարեց այլ անձանց՝ փոխարենը հինելով «ՆովԷյր» ընկերությունը, որն էլ դարձավ L-410 ինքնաթիռի նոր շահագործողը: «ՆովԷյրն», ըստ էության, Մարությանի հոր անունն է կրում:

Այդուհանդերձ, «Ատլանտիս» խմբի ոչ բոլոր ընկերություններում է որպես սեփականատեր երեւում Արամ Մարությանի անունը: Դրանցից մեկը հենց «ՆովԷյր» ՍՊԸ-ն է, որի միանձնյա տերերը հիմնադրումից՝ 2020-ի հոկտեմբերից ի վեր, ըստ փաստաթղթերի, եղել են Մարությանին փոխկապակցված անձինք՝ Սուրեն Ավագյանը (2020 թ.), Արսեն Ասլանյանը (2020-2022 թթ.), Տիգրան Շահվերդյանը (2022-2025 թթ.): Վերջինս, մասնավորապես, Մարությանի բիզնես գործընկերներից է, ու ժամանակին եղել է Atlantis Armenian Airlines-ի ֆինանսական տնօրենը:

Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից տեղեկանում ենք, որ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, Շահվերդյանի փոխարեն «ՆովԷյր» ՍՊԸ-ի միակ սեփականատեր է գրանցվել ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է կոմբինատի հասցեում՝ Քաջարան քաղաքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել