Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանը հայտնել է, որ երեկ ժամը` 16:24-ին, փորձել են մուտք գործել ԲԴԽ շենք` մասնակցելու ժամը 16:30-ին նշանակված դատական նիստին, սակայն արգելվել է։
«Ծառայություն իրականացնող դատական կարգադրիչներից տեղեկացել ենք, որ ներկայացված դիմումի քննարկումն իրականացվում է ոչ միայն գրավոր, այլ նաև դռնփակ, ուստի մեր մուտքը արգելվել է»,- նշել է փաստաբանը։

ԲԴԽ–ում նիստերի առաջին իսկ օրվանից Դավիթ Հարությունյանը բարձրաձայնել է իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի եւ Խորհրդի կողմից առերեւույթ խախտումների մասին՝ կապված նիստը առանց իր մասնակցության սկսելու եւ վարույթը դռնփակ անցկացնելու մասին որոշումը հրապարակելու, իր ցանկացած թվով փաստաբաններ ունենալու իրավունքը, ինչպես նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակը սահմանափակելու եւ այլ հանգամանքների հետ։

Ամիսներ անց՝ մայիսին, ՍԴ-ն հրապարակեց որոշումը՝ արձանագրելով, որ ԲԴԽ-ն խախտել է դատավորի իրավունքները։
Այդ որոշման հիման վրա Հարությունյանը գործը վերանայելու միջնորդություն ներկայացրեց։ Խորհուրդը որոշեց այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված։
Դրանից հետո Դավիթ Հարությունյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով ընձեռել դատական նիստին անմիջականորեն մասնակցելու եւ իր իրավունքները լիարժեք իրացնելու հնարավորություն, ինչը, փաստացի, մերժվեց։