armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող օբյեկտները և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Հարկային օրենսգրքով սահմանվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, նաև բացառությունները: Առաջին ընթերցմամբ մենք մի քանի բացառությունների վերացում էինք առաջարկել, սակայն հանձնաժողովը հաստատեց դրանցից միայն մեկը, այն է՝ Երևան վարչական սահմանից դուրս հանրային սննդի օբյեկտները նույնպես դիտարկել որպես միկրոձեռնարկատիրություն, և մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատել տարբեր տեսակի հարկերից»,- ասաց Թանդիլյանը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը. առարկություններ չունեն՝ կապված նախագծի կարգավորման առարկայի հետ:
Թանդիլյանի և կառավարության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։ Օրենքի նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացության, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
comment.count (0)