Աբովյան քաղաքի «Հանրապետության» պուրակի ծառերը հատվում են այգին վերակառուցելու նպատակով
15:13 - 08 նոյեմբերի, 2019

Աբովյան քաղաքի «Հանրապետության» պուրակի ծառերը հատվում են այգին վերակառուցելու նպատակով

Այսօր Աբովյան քաղաքի բնակիչ Լուսինե Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացնում էր, թե ինչպես են հատվել Աբովյանի՝ Հանրապետություն փողոցի պուրակի ծառերը։

Նա պատմում էր, որ նախկինում պուրակում  շատ ծառեր են եղել, բայց այժմ տասնյակները  հատվել ու վնասվել են՝  այգին «բարեկարգելու» քողի տակ։

Լուսինե Մանուկյանը նաև լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին հատված ծառերը։

Աբովյանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապետի բաժնից Անի Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ պուրակում վերակառուցման աշխատանքներ են սկսվել։

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են հատվում պուրակի ծառերը, նա պատասխանեց, որ ծառերի էտման աշխատանքներ են իրականացվում, և հատվում են միայն այն ծառերը, որոնք որակապես պիտանի չեն։

Անի Կարապետյանը նշեց, որ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկվելու։

«Հատուկ դրա համար Կանադայից ծառեր են պատվիրված, որոնք պիտի նոր տնկենք: Այն ծառերը, որոնք հատվում են, դրանց եռակին լինելու է այնտեղ»,- ասաց նա։

Աբովյանցի Լուսինե Մանուկյանը ֆեյբուքյան ուղիղ եթերում նաև մտահոգություն էր հայտնել, որ պուրակում կարող է կրպակ կամ որևէ այլ շինություն կառուցվել, քանի որ մի ուղղանկյունաձև հատվածում ծառերն ամբողջությամբ հատված էին։

Անի Կարապետյանն ասաց, որ պուրակը պատկանում է Աբովյանին, դրանից ոչ մի հողակտոր չի վաճառվել, և այնտեղ կրպակ, սրճարան կամ որևէ այլ կառույց չի լինելու։

Մեր հարցին, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով է բարեկարգվում այգին, նա պատասխանեց, որ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես քաղաքապետարանի բյուջեից։ Սուբվենցիոն ծրագրի համար դիմել են, սակայն մերժում են ստացել։

Անի Կարապետյանի խոսքով՝ պուրակում նաև ամֆիթատրոն է լինելու, և բոլորն անհամբեր սպասում են աշխատանքների ավարտին։ Նա նաև մեզ ուղարկեց պուրակի մանրակերտը, որտեղ երևում է, թե այն ինչպիսին է լինելու աշխատանքների ավարտից հետո։ Նկարը՝ ստորև։

Հարցին, թե ե՞րբ կավարտվի պուրակի բարեկարգումը, նա պատասխանեց, որ այս տարվա դեկտեմբերին առաջին հատվածը պատրաստ կլինի։ Ծրագրով վերակառուցման համար նախատեսված է երկու-երեք տարի, բայց հույս ունեն աշխատանքներն ավարտել հաջորդ տարի։ 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել