Այդ գումարը օրենքով է սահմանվել եւ տրվում է «պարգևավճար» տողով. այն չի կարելի այլ նպատակով ծախսել |lragir.am|
06:33 - 13 հունիսի, 2019

Այդ գումարը օրենքով է սահմանվել եւ տրվում է «պարգևավճար» տողով. այն չի կարելի այլ նպատակով ծախսել |lragir.am|

lragir.am։  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսել է պարգևավճարների մասին։

Պարոն Պետրոսյան, մամուլում գրվեց, որ մարզպետները եռամսյակային կտրվածքով պարգևավճարներ են տալիս իրենց աշխատակիցներին։ Շիրակի մարզում այս առումով ի՞նչ վիճակ է, որքա՞ն պարգևավճարներ եք հատկացրել և քանի՞ աշխատակից է դրանք ստացել։

Այն աշխատակիցները, որոնք այս փուլում պարգևավճար ստանալու հնարավորություն ունեն, իրենք ստանալու են այդ պարգևավճարները։ Ես, իմ խորհրդականներն ու օգնականները հրաժարվել ենք պարգևավճարներից։ Ինձ համար և իմ թիմի համար հիմնավորումը այն է, որ որտեղ էլ աշխատել ենք մինչ այդ, 6 ամսվա ընթացքում պարգևավճարի մոտեցում չի եղել։

Մենք համարում ենք, որ որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո արդեն մեզ համար հեշտ կլինի մեր աշխատանքը գնահատել և որոշակի պարգևավճար հատկացնել։ Այստեղ մի շատ կարևոր նշում անեմ, որ ոչ թե մարզպետն է որոշում՝ ում, երբ, որքան պարգևավճար հատկացնել, այլ դա կարգավորվում է օրենքով։ Օրենքի պահանջն է, որ եռամսյակը մեկ պետք է գնահատում տեղի ունենա։

Թե ինչու է ընդունվել այդ օրենքը, կարծում եմ՝ դրանով որոշակիորեն փորձում են փոխհատուցել պետական կառավարման, այս պարագայում տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատավարձերի հետ կապված խնդիրները՝ հաշվի առնելով տարբեր գործոններ։

Հիմա կարիք կա մեզ՝ որպես մարզպետներ ունենալու պարգևավճարներ տրամադրելու համար հիմնավոր բազա, թե ինչ գործիքակազմով ենք մենք գնահատում աշխատանքը և ում ինչքան պարգևավճար ենք տալիս։ Քանի դեռ չունենք այդ մեխանիզմները, նաև այս գործընթացը շատ հարցեր կառաջացնի, ինչը մեզ համար մտահոգիչ է։

Քանի՞ աշխատակից է ստացել պարգևավճար և որքա՞ն գումար է այն կազմել։

Հիմա չեմ կարող ասել, բայց որոշումը տեղադրված է մեր կայքում։ Եթե չեմ սխալվում, բացի այն մարդկանցից, որոնք հրաժարվել են, ևս 4 աշխատակից հնարավորություն չի ունեցել ստանալու պարգևավճար։ Մնացած բոլորն ստացել են։

Նշվում է, որ նաև աշխատավարձի ցածր լինելն է պատճառը, որ աշխատակիցներին պարգևավճարներ են տրվում։ Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ աշխատավարձի բարձրացում տեղի ունենար և պարգևավճարների թեման այսքան շահարկումների առիթ չդառնար։

Այո, նաև դա է պատճառը։ Պարգևավճարները գործիքներից մեկն է։ Պարգևավճարի հետ մենք նաև ստանում ենք այն մեխանիզմը, այն գործիքակազմը, որով ուղղակիորեն սահմանվում է պարգևավճարի չափը, և մենք՝ որպես մարզպետներ, հնարավորություն ենք ստանում գնահատական տալ նույն քաղծառայության բլոկի աշխատակիցներին։

Ինչո՞ւ եք հրաժարվել ինքներդ ձեզ պարգևավճար հատկացնելուց։

Որովհետև այն աշխատանքային սեգմենտը, որտեղ ես աշխատել եմ, այնտեղ կար 6 ամսվա ժամանակաշրջան, որի ընթացքում դու պետք է նաև ցույց տաս քո աշխատանքը, որից հետո արդեն կարող ես գնահատվել ըստ քո իրականացրած աշխատանքի։ Հիմա մենք դեռ 6-ամսյա շրջանը չենք անցել։

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է այդքան սուր ընկալվում հատկապես մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու մոտեցումը։

Այստեղ նաև որոշակի տեղեկատվության պակաս կա. տպավորությունն այնպիսին է, որ մարզպետներն իրենք իրենց, կամ իրենց աշխատակիցներին պարգևատրում են ինչ-որ մի բանի հաշվին։ Շատ կարևոր է ֆիքսել, որ այդ գումարի չափը չի կարող ծախսվել որևէ այլ նպատակի համար։

Այսինքն մարզպետը կամ մարզպետարանի աշխատակազմը չի կարող այդ գումարները ծախսել սոցիալական նշանակություն ունեցող որևէ նպատակի համար։ Այդ գումարը օրենքով սահմանվել է եւ տրվում է «պարգևավճար» տողով։

Հիմա կամ պետք է միասին որոշում կայացնենք, որ հրաժարվում ենք այդ փիլիսոփայությունից և որդեգրում ենք այլ մոտեցում, որ որոշակի հավելավճար լինի աշխատավարձին, ինչը շատերի համար ավելի ընկալելի լուծում է, մյուս տարբերակն այն է, որ եթե շարունակելու ենք պարգևավճարներ տալ, մենք էլ ունենք որոշակի հստակ մեխանիզմներ, նաև հանրության համար ընկալելի մեխանիզմներ, թե ինչպես են գոյանում պարգևավճարները տարբեր պաշտոնյաների դեպքում։

Շարունակությունը՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել