«Անցած ամիսներին Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել». փաստաբան |medialab.am|
10:47 - 21 հունիսի, 2019

«Անցած ամիսներին Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել». փաստաբան |medialab.am|

medialab.am:  «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, Ազգային ժողովի կողմից դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ մտնելով Սահմանադրական դատարան՝ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։ Նրա ելույթը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել, դուք ինչպե՞ս կմենաբանեք այս հայտարարությունը։

- Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի բաղկացուցիչները հետևյալն են. մենք ունենք սահմանադրական օրենք, որի համաձայն ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները: Ընդ որում, որոշում ընդունելու քվորումի համար առնվազն 5 դատավոր պետք է լինի:

Այնինչ այսօր ՍԴ-ում ունենք երկու դատավոր՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, իսկ մյուսները նախկինում ընտրվել են ՍԴ անդամներ, որոնց օրենքով այլևս որոշում ընդունելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, ՍԴ-ն չի կարող իր գործառույթն իրականացնել օբյեկտիվ պատճառներով:

Սահմանադրության մեջ գրված է, որ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են իրենց լիազորություններն իրականացնել։ Իսկ գործող օրենքով Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների մեջ չի մտնում Սահմանադրական դատարանի որոշումների կայացումը։ Դատավորները պետք է որոշում կայացնեն։

- Այսինքն՝ ըստ էության անցած ամիսներին Սահմանադրական դատարան չե՞նք ունեցել։

- Նրանք չեն ունեցել այն կարգավիճակն ու լիազորությունը, որով պետք է որոշում կայացնեին։ Սակայն իրենց մեկնաբանությամբ, իրենց պատկերացրած օրենքի ուժով շարունակել են գործել որպես դատավորներ՝ չունենալով այդ կարգավիճակն ու լիազորությունները։ Սահմանադրական դատարանի ֆունկցիան իրականացվել է, չենք կարող ասել չի իրականացվել։ Բայց նրանք, ովքեր դա արել են, այդ իրավունքը չեն ունեցել։

- Վահե Գրիգորյանն ասում է, որ ինքը երկրորդ դատավորն է, կա նաև առաջին դատավոր՝ Արման Դիլանյանը, ինչո՞ւ նա նախկինում այս հարցը չէր բարձրացնում։

- Այս պահին երկրորդ դատավորն արձակուրդում է։ Հիմա ինքը պետք է այդ հարցը բարձրացներ, ասեր՝ ես ընտրվել եմ դատավոր, միակ դատավորն եմ, և դուք ոչ մեկդ դատավոր չեք, ես ուզած-չուզած պետք է իրականացնեմ դատարանի նախագահի լիազորությունները, մինչև կազմը կհամալրվի դատավորներով։ Արման Դիլանյանը դա չի արել, հիմա դա անում է Վահե Գրիգորյանը, և զուգադիպություն է, որ Դիլանյանը հիմա արձակուրդում է։ Ստացվում է՝ միակ գործող դատավորը Գրիգորյան Վահեն է։

- Ընթացակարգն ինչպե՞ս պետք է լինի, ի՞նչ ժամկետներում պետք է համալրվի դատարանը դատավորներով։

- Թեկնածուներ են ներկայացնելու Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը։ Իրենք պետք է ներկայացնեն թեկնածուներ, իսկ Ազգային ժողովը կա՛մ հաստատի, կա՛մ՝ ոչ։

- Ի՞նչ կարգավիճակում է հիմա պաշտոնապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա այլևս դատարանի նախագահը չէ՞։

- Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ է՝ իր կարգավիճակով։ Նա ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես ՍԴ անդամ։ Նա դատավոր չէ և չի կարող իրականացնել դատավորի լիազորություններ։ Նույնը վերաբերում է մյուսներին, ովքեր անդամներ են։ Այդ մարդիկ իրենց կարգավիճակը պահպանում են, բայց չեն կարող իրականացնել դատավորի գործառույթներ, լիազորություն չունեն։

Եվ այս իրավիճակն առաջացել է Սահմանադրության պատճառով, որովհետև նրանք առաջնորդվում էին ըստ իրենց կարգավիճակի, իրենց մեկնաբանություններով։ Երբ մարդիկ ժամանակին այդ հարցը բարձրացնում էին, նրանք Սահմանադրությունը գրելիս դա անտեսում էին։ Իսկ հիմա տեսնում ենք՝ ինչքան թերի է Սահմանադրությունը, ինչքան բացեր կան դրանում, և այդ ամենը նրանց դեմ է։ Նրանք անգամ իրենց կարգավիճակի հարցը հստակ չեն ձևակերպել։

Շարունակությունը՝ medialab.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել