Աշխատանքային ժամկետի մոտալուտ սպառումը դամոկլյան սուր է՝ կախված աշխատողի գլխավերևում. հայտարարություն
09:26 - 20 հունիսի, 2019

Աշխատանքային ժամկետի մոտալուտ սպառումը դամոկլյան սուր է՝ կախված աշխատողի գլխավերևում. հայտարարություն

Մատենադարանի աշխատողների արհմիություն ֆեյսբուքյան էջը գրում է.

«Գիտության և կրթության ոլորտում երկարատև աշխատանքային հարաբերությունները ժամկետային պայմանագրերով կարգավորելու ավանդույթը ներդրվել է իշխանությունը բռնազավթած նախորդ ռեժիմի կողմից: Սա իր մեջ վտանգավոր դիտավորություն էր պարունակում ոլորտը կախվածության մեջ դնելու և այնտեղից եկող հնարավոր դիմադրությունը բացառելու:

Աշխատանքային ժամկետի մոտալուտ սպառումը դամոկլյան սուր է՝ կախված աշխատողի գլխավերևում: Նման համակարգը սպանում է մարդու մեջ հավատը ապագայի նկատմամբ՝ տեղը լցնելով վախ և անորոշություն, կտրում է աշխատողի և աշխատանքի միջև կապը՝ երկարաժամկետ ստեղծագործականության փոխարեն նեղ առօրեական հրամայականներ դնելով աշխատանքի հիմքում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 3-ի 8-րդ կետը օրենսդրության հիմնական սկզբունքներից մեկն է հռչակում «աշխատանքային հարաբերությունների կայունությունը»: Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ «աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

Այդ դեպքերի մեջ ներառված չէ կրթության և գիտության աշխատողների աշխատանքը: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում սույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»:

Հիշեցնենք ս.թ. հունիսի 12-ին Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը դիմել է տնօրինությանը գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերը ճանաչել անժամկետ և իրագործել 2015 թ. սեպտեմբերի 25-ի Կառավարության որոշումը գիտական աշխատողների ամենամյա արձակուրդը սահմանել 35 արձակուրդային օր գոյություն ունեցող 20-ի փոխարեն»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել