Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային. վարչապետի մամուլի խոսնակ |armtimes.com|
16:02 - 01 նոյեմբերի, 2019

Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային. վարչապետի մամուլի խոսնակ |armtimes.com|

armtimes.com:  «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային ժամկետների առումով». ի պատասխան հարցի, թե ի՞նչ ընթացք է ստացել ՀՀ վարչապետին ուղղված պատգամավորի դիմումը՝ մեզ հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը մանրամասնեց, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանը նշանակվել է նախորդ տարվա ապրիլի 4-ին եւ ոչ թե սեպտեմբերի 6-ին, ինչպես վարչապետին ուղղված դիմումում գրել է Արման Բաբաջանյանը:

Հաշվի առնելով, որ օրենքով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից վաղաժամկետ ազատման հարց չի կարող բարձրացվել ավելի շուտ, քան նշանակման մեկ տարին լրանալը, ուստի մինչ եկող տարվա ապրիլի 4-ը նա չի կարող ազատվել պաշտոնից:


Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու Բաբաջանյանի դիմումի հետ. «Ես հեռախոսազրույց ունեցա Ա. Բաբաջանյանի հետ: Եթե, այնուամենայնիվ, կարիք լինի պաշտոնական պատասխանի, այն չի ուշանա»,- ասաց մամուլի խոսնակը:

Արման Բաբաջանյանն իր դիմումում նշել էր, որ վարչապետին դիմելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Մանուկյանը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով, իր համակրանքն է հայտնել նախկին իշխանությունների նկատմամբ, իսկ 1998 թվականից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից տարբեր պաշտոնների առաջարկներ է ստացել:

Պատգամավոր Արման Բաբաջանյանին այս կապակցությամբ հարցրինք.

- ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ասում է՝ Վազգեն Մանուկյանի հետ կապված ձեր դիմումում մի փոքր անճշտություն կա ժամկետների առումով: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը: Այս մասով ի՞նչ քայլեր եք նախատեսում: Բացի այդ, կուզեի իմանալ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու հետ կապված ուրիշ քայլեր ձեռնարկելո՞ւ եք:

- Այո՛, վարչապետի մամլո խոսնակի նշած խնդիրը կամ ժամկետային սահամանափակումն առկա է, ես այդ մասին տեղյակ էի նաեւ հրաժարականի մասին հայտարարելիս: Սակայն դա, ըստ էության, տեխնիկական սահմանափակում է, ինչի մասին, ի դեպ, իր վերջին ասուլիսում անուղղակիորեն խոսեց նաև Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ասելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնի, որ այլեւս միասին աշխատելն անհնարին է, ինքն անձամբ հրաժարականի դիմում կգրի:

Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջով ես արձանագրել եմ երկու խնդիր. նախ, որ կառույցը ղեկավարող անձը չի պահպանում իրեն օրենքով ներկայացվող քաղաքական չեզոքության պահանջը, եւ երկրորդ՝ Հանրային խորհուրդը նաեւ ու առավելապես իր ղեկավարի պատճառով չի գործում անհրաժեշտ արդյունավետությամբ: Այս իրողություններն եմ ես արձանագրել Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջի մասին իմ հայտարարության մեջ, որով փորձ եմ արել վեր հանել առկա խնդիրները: Մնացյալը, ըստ էության, իմ լիազորություններից դուրս է:

Եթե վարչապետը համակարծիք է ներկայացված խնդիրների հետ, կարող է խոսել Վազգեն Մանուկյանի հետ, եւ վերջինս, իր իսկ խոսքի համաձայն, հրաժարական կներկայացնի, ինչը որևէ կերպ չի շոշափում օրենքում նշված ժամկետային սահմանափակման պահանջը, եթե՝ ոչ, թող Վազգեն Մանուկյանը շարունակի աշխատել նույն քաղաքական ոչ չեզոքությամբ ու նույն անարդյունավետությամբ՝ հանրության մեջ է՛լ ավելի խորացնելով համոզումը, որ Հանրային խորհուրդն անիմաստ, անարդյունավետ կառույց է, եւ որ պետք է մտածել ընդհանրապես նման կառույց ունենալու նպատակահարմարության մասին:

Հիշեցնենք, որ օրերս հրավիրված ասուլիսում անդրադառնալով իրեն պաշտոնանկ անելու վերաբերյալ սկսված գործընթացին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ առաջիկայում նախաձեռնի ՀՀ վարչապետի հետ հանդիպում եւ քննարկի՝ արդյոք իմաստ ունի՞ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում:

«Ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել եւ հայտարարել, որ մենք միասին աշխատել չենք կարող: Նույն պահին ես դուրս կգամ: Բայց քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է ինքս նախաձեռնեմ, մոտ օրերս հանդիպեմ վարչապետին, միասին նայենք, քննարկենք հետագա գործունեությունը իմաստ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել