armenpress.am։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված միջոցներով Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում, հուլիսի 1-ի դրությամբ, մեկնարկել են ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցումն այս պահին ընթանում է Գեղհովիտ, Երանոս, Կարմիրգյուղ, Ծովակ եւ Գեղարքունիք համայնքներում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի հավաստմամբ՝ մոտակա օրերին ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցման մեկնարկը կտրվի նաեւ Լճաշեն, Հայրավանք, Նորատուս համայնքներում: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շինարարությունը կսկսվի նաեւ Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ, Աստղաձոր, Լիճք, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Ակունք, գյուղերում:

Կառուցվող խաղադաշտերն ունենալու են 42 մետր երկարություն եւ 22 մետր լայնություն:
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ թվարկված բոլոր համայնքների ֆուտբոլի փոքր խաղադաշտերը շահագործման կհանձնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: