armenpress.am: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց բնապահպանական ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարիների ընթացքում կարողացել են համակարգ ստեղծել Սևանա լճի ձկնորսությունն արդյունավետ կազմակերպելու համար՝ կարևորելով նաև ձկան պաշարների վերարտադրությունը:
«Այդ ուղղությամբ ինչ արվում է, արվում է ձեզ համար: Մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որպեսզի ձկան պաշարները վերարտադրվեն: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պարտաճանաչ վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, դառնալու են ձկան պաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ, սահմանների պաշտպանություն, բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հպատակ լինելու փոխարեն, անձը լինի քաղաքացի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հնարավոր չէ Սևանից միայն վերցնել, այն պետք է լինի բոլորի մտահոգության առարկան: Սևանի մաքրումն այնպես պետք է իրականացվի, որ լճի էկոհամակարգը չվնասվի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Սևան ազգային պարկ»-ը տեխնիկա է ձեռք բերել, որպեսզի այդ մաքրման աշխատանքներն իրականացնի:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անասնաբուծության ոլորտում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանում զրո տոկոսով վարկ չի եղել, իսկ այսօր գյուղացիների համար ապահովվում է զրոյից մինչև 5 տոկոսով վարկ մինչև 15 մլն դրամի չափով:
«Մենք գյուղացիներին կոչ ենք անում գալ դասընթացներին մասնակցել, համապատասխան սերտիֆիկատ ստանալ: Այնուհետև 15 մլն դրամի չափով հիմնականում անտոկոս վարկ ստանալ «խելացի» անասնագոմ կառուցելու համար, որից հետո որոշակի տոկոսով գումարը վերադարձնում ենք շահառուին: Մենք սա անում ենք, որ աշխատանքով բարեկեցություն ստեղծելուն նպաստենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)