ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի ֆեյսբուքյան էջում արած հայտարարությանը, որի միջոցով փաստաբանը դիմում էր ՀՀ գլխավոր դատախազին և դժգոհություն հայտնում, Լոռու մարզի դատախազն ու քննիչը մերժել են քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու և վերադառնալ թույլատրելու վերաբերյալ իրենց միջնորդությունը:

«Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել հետևյալը:

2018թ դեկտեմբերի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչի կողմից 2019թ. մայիսի 17-ին նշված անձի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում 2019 թվականի մայիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրյալի և վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Հենց նույն օրը այն քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Այդ գրությամբ վարույթն իրականացնող մարմին հանձնարարվել է միջնորդության քննարկման արդյունքների մասին հայտնել ինչպես միջնորդություն հարուցած անձանց, այնպես էլ Լոռու մարզի դատախազությանը: Քննչական մարմնից, սակայն, մարզի դատախազությունը առայժմ տեղեկատվություն չի ստացել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Որոշման դեմ մարզի դատախազությունում դատավարության մասնակիցների կողմից բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, մարզի դատախազությունը չէր կարող դիրքորոշում ունենալ և արտահայտել որոշման վերաբերյալ:

Վերոգրյալից հետևում է, որ կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվություն կամ բողոք ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կստուգի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, և դրա հիման վրա խնդրի վերաբերյալ կարտահայտվի հստակ դիրքորոշում»: