Երևանում գործում է 24 շուկա, որտեղ շուրջ 1350 ազատ տեղ կա. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի առևտրի դեմ պայքարը
11:33 - 20 հուլիսի, 2020

Երևանում գործում է 24 շուկա, որտեղ շուրջ 1350 ազատ տեղ կա. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապօրինի առևտրի դեմ պայքարը

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

«Այս պահին մենք օրենքով լիազորված ենք միայն կազմել վարչական իրավախախտման արձանագրություններ և տուգանել մարդկանց ու պահանջել դադարեցնել առևտուրը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում լիարժեքորեն արգելելու գործում համայնքն օրենսդրական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

«Մասնավորապես, երբ տուգանում ենք իրավախախտում արած անձանց և այդ անձինք սնանկ են լինում, որևէ գույք չեն ունենում և գումարը չեն վճարում, հետևաբար, մեր վարչարարությունն անարդյունավետ է դառնում: Որպեսզի նման իրավիճակներից խուսափենք և ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը՝ օրենքի նոր նախագծով, որը դրվել է շրջանառության մեջ, նախատեսվում է վերցնել այդ ապրանքը և այն վերադարձնել քաղաքացիներին տուգանքի գումարը վճարելուց հետո»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:

Առևտուրը քաղաքակիրթ պայմաններում՝ առանձնացված շուկաներում իրականացնելու փոխարեն, առևտրականներից շատերն այսօր նախընտրում են անգամ բազմակի տուգանքը:

«Տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 15-20 հազար դրամ՝ գյուղմթերքների վաճառքի դեպքում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ 50-70 հազար դրամ: Տուգանքների գումարները նույնպես ճիշտ չեն հաշվարկված. հաճախ ֆիզիակական անձինք հայտարարում են, որ ավելի լավ է իրենց տուգանենք, միայն թե առևտուր անեն, իսկ մեր նպատակը ոչ թե տուգանելն է այլ այդ իրավախախտումը դադարեցնելը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Երևանում այժմ գործում է 24 շուկա, որտեղ առկա է շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:

«Երևանի կենտրոնում մեր կողմից նոր փոքրածավալ շուկաներ են ստեղծվել, որտեղ ամենաբարձր վճարն, իմ ունեցած տեղեկություններով, 2000-2500 հազար դրամ է, ոչ ավել: Կան ավելի էժանները՝ սկսած 500 դրամից, սակայն շատերը նախընտրում են փողոցում այդ առևտուրն իրականացնել ՝ դրանով էական վնաս պատճառելով մյուս տնտեսվարողներին: Մրցակցային ոչ հավասար պայմաններ են ստեղծում, հարկեր չեն վճարում, տուրքեր չեն վճարում, փողոցում իրականացնում են առևտուր և դրանով վնասում են օրինապաշտ տնտեսվարողների գործունեությանը: Էլ չեմ ասում, որ տգեղ է, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 320 արձանագրություն է կազմվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել