Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել․ հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին
13:33 - 18 մարտի, 2019

Լևոն Երանոսյանի գործով միջնորդություն է ներկայացվել․ հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նրա վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո նոր քննչական  գործողություններ և դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

«Առաջինը միջնորդել ենք վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ գտնում ենք, որ անհիմն է: Նման որոշում չկայացնելու դեպքում միջնորդել ենք հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին, որովհետև բոլոր տեսանյութերում երևում է, որ նրանք առանցքային դերերում են եղել»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը  հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

2018-ի ապրիլին Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր  թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրա շրջանակներում քաղաքացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անհնազանդության գործողություններ էին իրականացնում, փակում փողոցները: Ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսված էր Հայաստանի վարչապետի ընտրությունը: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում՝ դեպի Ազգային ժողով տանող հատվածներում փշալարեր էին անցկացված: Այդ օրը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, որից մեծաթիվ քաղաքացիներ վնասվածքներ ստացան:

Միջադեպի ժամանակ վնասվածք ստացավ նաև այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այժմ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով գործով տուժողի կարգավիճակ ունի: Վնասվեց նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքը, սակայն նրա վնասվածքը պայթուցիկ նյութերի հետևանք չէր, այլ առաջացել էր փշալարին դիպչելու հետևանքով:

 

Ավելին՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել